Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍՆ-ն չի կատարել․ ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը․ ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին

Ես նման կարծիք չեմ լսել․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը՝ անդրադառնալով շախմատիստ Լևոն Արոնյանի՝ ՀՀ-ից հեռանալու մասին հայտարարությանն ու հարցին՝ ո՞ր փորձագետներն ու ինչպե՞ս են եզրահանգել, որ Արոնյանն այլևս պոտենցիալ չունի։

Դիտարկմանը, թե Արոնյանն է այդ մասին հայտարարել, նախարարն արձագանքեց․ «Արոնյանին հարցրեք, ես տեղյակ չեմ»,-ասաց նա՝ խնդրելով նաև լրագրողներին հարցերը հստակ ձևակերպել․ «Ես կրթությամբ մաթեմատիկոս եմ, խնդրում եմ հստակ հարց, որ կարողանամ պատասխանել»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե ինքը նաև սպորտի նախարարն է, Դումանյանն արձագանքեց․«Այո, սպորտի նախարարն եմ, պատասխանում եմ»,-ասաց նա։

Լրագրողները պնդեցին՝ սպորտի ներկայացուցիչը որոշել է երկրից գնալ, ինչին ի պատասխան՝ Դումանյանն ասաց․ «Դա սպորտսմենի իրավունքն է, որոշել է, գնում է»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ շախմատիստ Լևոն Արոնյանը Հայաստանից հեռանալու մտադրության մասին հայտնել էր այսօր։ Նա անդրադարձել էր վերջին տարիներին Կառավարության գործունեությանը և նշել, որ կառավարության խոստումները սահմանափակվել են մասնակի օժանդակությամբ։

Հարցին՝ համարո՞ւմ է, որ ՀՀ-ն իշխանությունների մեղքով է կորցրել Արոնյանին, Դումանյանն արձագանքեց․

«Այս իշխանությունների մեղքով՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությա՞ն։ Ոչ, չեմ համարում։ Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով, ներկայացրել է Հայաստանը, զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը, ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, և կարող եմ ընդամենը մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների հիման վրա՝ չկա որևէ պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարել»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ըստ Արոնյանի՝ 2018-ից ի վեր ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, ԿԳՄՍ նախարարն արձագանքեց․ «Դա իր կարծիքն է։ Նախարարության  մասով բոլոր պարտավորությունները ոլորտի նկատմամբ կատարված են և կատարվում են առ այսօր»։