Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է 10 %-ով, 80-ականների զե՞նք էր գուցե. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝  այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե եթե ինքը լիներ պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել:

Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: