Թուրքիան եւ Ադրբեջանը այսօրվանից սկսում են նոր համատեղ զորավարժություններ Կարսում

Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում այսօր թուրք զինվորականները սկսում են 12-օրյա զորավարժություններ, մասնակցելու են նաեւ ադրբեջանցի զինվորականները:

Հայտնի է, որ համատեղ զորավարժություններին ներգրավվելու են տանկային ստոաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ նշանակության ջոկատայիններ և ուղղաթիռներ: Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում իրականացվելու են նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: 

Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց: Լայնամասշտաբ այդ զորախաղերը անցկացվում էին երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին Ադրբեջանի և Թուրքիայի ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։

Զորավարժություններն անցկացվելու են փետրվարի 1-12-ը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունը՝ արձագանքելով զորավարժությունների մասին նախնական հրապարակումներին, հայտարարել էր, թե ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ:

freenews.am