«Ցավոտ հարց». ինչո՞ւ է տրանսպորտային հարցն այդքան կարևոր հակամարտող երկրների համար. «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակել է վերլուծաբան Անտոն Լիսիցինի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վերջին բանակցություններին և վերլուծել, թե ինչու է տրանսպորտային հարցն այդքան կարևոր հակամարտող երկրների համար:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը Հայաստանի միջով ուղիղ միջանցք կունենա դեպի Նախիջևան:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զրուցել են երեքով, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ: Ադրբեջանի նախագահը և Փաշինյանը  տարբեր շեշտադրումներ են արել: Ալիևը հիշեցրել է, որ սա տարածաշրջանի պետությունների ղեկավարների արդեն երկրորդ համատեղ հայտարարությունն է: Բայց նոր փաստաթղթի կարևորությունն այն է, որ այն կօգնի ապաշրջափակել Կովկասի ճանապարհները:

«Ավելի քան 30 տարի անց, Ադրբեջանը, Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով, կվերականգնի կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանը ելք կստանա դեպի Ռուսաստան և Իրան, իսկ մենք՝ դեպի թուրքական շուկա: Բացի այդ, Թուրքիայի և Ռուսաստանի երկաթուղիները կմիանան»,-ասել է Ալիևը:

Ինչո՞ւ էր Փաշինյանը գնացել Մոսկվա

Հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ տարանցումն ու տնտեսությունը քննարկել իրեն խանգարում են մարդասիրական, մասնավորապես ռազմագերիների և զոհվածների աճյունների փոխանակման հարցերը:

Ներքին քաղաքական ֆոնը չի նպաստել տրանսպորտային ոլորտի բանակցություններին: Երևանում տարեվերջին հայտարարվել էր անժամկետ հանրահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ընդդիմությունը փակել էր ճանապարհները նրա ավտոշարասյան դիմաց: Կառավարության ղեկավարը  Մոսկվա էր եկել իր հակառակորդների կոշտ մեկնաբանությունների ֆոնին: Օրինակ ՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ենթադրել  էր՝ «արդյո՞ք վարչապետը չի ստորագրի նոր «կապիտուլյացիա»:

Հայաստանում շատերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ հայտարարությունը համարում են պարտություն: 2020-ի նոյեմբերին, Մոսկվայի միջնորդությամբ, Բաքուն և Երևանը դադարեցրել են կրակը և պայմանավորվել են գերիների և մահացածների մարմինների փոխանակման մասին: Ադրբեջանը ստացել է Քարվաճառի, Քաշաթաղի և Աղդամի շրջանները, որոնք նախկինում վերահսկվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից: Տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ:

Փաստաթղթի հրապարակումը բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում: Նույնիսկ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդդիմախոսները չէին դադարում քննադատել Փաշինյանին. Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ ցույց էր տեղի ունենում:

Խոսքերն այն մասին, որ ամենակարևոր հարցը ռազմագերիների փոխանակումն է, չի օգնել Փաշինյանին: Հայրենիքում նրան  նախատում են ադրբեջանական օրակարգ քննարկելու համար:

Կարծրատիպերի ցավոտ կոտրում

Պատմական գիտությունների թեկնածու, Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ մոսկովյան հերթական հանդիպումը պարզապես բարդ դիվանագիտական խաղի նախաբան էր:

«Եթե  օգտվենք կենցաղային մարքսիստական թեզից, ապա առևտուրը պետք է փոխի հակամարտող ժողովուրդների հոգեբանությունը», -նշում է Տարասովը:

Փորձագետը նաև չի բացառում, որ Մինսկի ձևաչափը հետզհետե կարող է վերածվել Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան եռակողմ ձևաչափի:

«Հակամարտության տեղափոխումը քաղաքական և դիվանագիտական դաշտ անխուսափելի է այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները կանգնել են Ղարաբաղում: Ոչ ոք չի ցանկանում առճակատում երրորդ կողմի` Ռուսաստանի հետ: Եվ նույնիսկ Անկարան այժմ հակված է համագործակցել Երևանի հետ »,-նշել  է Տարասովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

tert.am