Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել Մոսկվա

Ընդդիմությունը համարում է, որ Փաշինյանը ոչ լեգիտիմ ղեկավար է և նրա ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական արժեք չեն կարող ունենալ։

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել դեպի Մոսկվա։ Այս մասին հայտարարեց ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` հայտարարելով, որ եթե Մոսկվայում Փաշինյանն ինչ–որ հակահայկական փաստաթուղթ ստորագրի, Հայաստանի օդը նրա վերադարձի համար փակ է լինելու։

«Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ղեկավար չէ, նա չի ներկայացնում Հայաստանը և վաղը նրա ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական արժեք չեն ներկայացնելու»,–հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը։

Դրանից հետո ընդդիմադիրները հայտարարեցին, որ այսքանով ավարտում են այսօրվա ակցիան ու բացում են ճանապարհները։

Հիշեցնենք` Ինչպես նախորոք հայտարարվել էր, ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակել էր «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մեկնել Մոսկվա։ 

Նշենք, որ այսօր`հունվարի 11-ին, Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։

armeniasputnik.am