Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը

Հայաստանի մարզերում գործող իշխանության «տարածքային զիջողականությամբ» պայմանավորված դժգոհություն է հասունանում։ Ադրբեջանական ներխուժմանը զինված դիմադրություն ցույց տալու կոչեր են հնչում։

Նիկոլ Փաշինյանը, ում ավելի ու ավելի հաճախ են անվանում «վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ», իր ընդդիմադիրներին խորհրդակցության է հրավիրել։ Օրակարգը․ խոսել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին։

Երկխոսության էությունը․ Հայաստանի ճակատագիրը պետք է վճռվի ոչ թե փողոցային ապստամբություններով, որի կոչն անում է Հանուն հայրենիքի փրկության շարժումը, այլ զանգվածների ազատ կամարտահայտման միջոցով, ինչպես ենթադրում է Նիկոլ Փաշինյանը։

Կողքից դիտորդի կանխատեսում․ հեղափոխական պայթյունը կարող է շատ ավելի շուտ տեղի ունենալ, քան Փաշինյանի հակառակորդները կընդունեն կամ կմերժեն վարչապետի առաջարկը։

Որտեղի՞ց է այս կանխատեսումը։ Ադրբեջանին սահմանակից քաղաքների, գյուղերի և ավանների ղեկավարների մարտական (բառի ամենաուղիղ իմաստով) տրամադրությունից, որոնք իրենց մաշկի վրա են զգում իրենց տներին, դաշտերին և գետերին թշնամու սողեսող մոտենալու հետևանքները։ Խոսքը, մասնավորապես, Քաջարանի, Կապանի, Գորիսի քաղաքապետների, այլ համայքների ղեկավարների, կամավորական ջոկատների հրամանատարների մասին է, որոնք առանց զենքի մնացել են հակառակորդի զինված ուժերին դեմ հանդիման, ոչ թե հրացանի կրակոցի, այլ մեկնված ձեռքի հեռավորության վրա։

Մինչ Երևանում ընթացող բողոքի ակցիաները ձանձրացնում են իրենց միօրինակությամբ և դադարում են տպավորություն գործել, Ադրբեջանը Հայաստանից մեկը մյուսի հետևից յուղոտ կտորներ է պոկում, ասելով․ «Սա մերն է, իսկ այ նա՝ ձերը»։ Սահմանամերձ գյուղերի բնակիչների նրբազգաց լսողությունը որսում է չասված «դեռ»-ը, այսինքն՝ «դեռ ձերն է»։ Ախորժակը, ինչպես գիտենք, ուտելիս է բացվում, և ոչ ոք չգիտի, թե Բաքուն դեռ քանի քաղաք, գյուղ, ավան, տուն, գյուղատնտեսական տարածք և այլ բաներ կվերցնի։

Հայաստանի իշխանությունների լռությունը համաձայնությո՞ւն է հարևանի կամայականություններին, իրենք իրենց հարցնում են գյուղացիները, որոնք չեն պատրաստվում մատաղացու գառ դառնալ։ Արդեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանելու պահանջներ են հնչում, աչքերը բացելու, ինքնապաշտպանություն կազմակերպելու կոչեր են լսվում։ Եվ ահա օրվա գերագույն հարցը․ իսկ Հայաստանը բանակ ունի՞։ Եվ եթե ունի, որտե՞ղ է այն և ինչո՞վ է զբաղված։ Եթե իշխանությունը ականջ չդնի «հեռուներից» հնչող ահազանգերին, ևս մեկ սխալ կգործի, գուցե՝ ճակատագրական։

Ներկայիս ծայրահեղ իրավիճակում այնպես է ստացվել, որ հայ գյուղացիները քաղաքացիներից առաջ են անցնում ոչ միայն ծրագրերով, այլև գործողություններով և երևում է՝ սովորել են հասնել իրենց ուզածին։ Հիշեցնենք։

Տարեսկզբին իշխանությունը ֆերմերներին արգելել էր կենդանիներին բակում մորթել, գյուղացիներին ուղղորդելով սպանդանոց, որը շատ ավելի թանկ կնստեր։ Նրանք զիջումներ պահանջեցին։ Կառավարությունն ասաց՝ ո՛չ։ Ֆերմերները հասան կառավարության մուտքի մոտ և միաձայն ասացին․ «Մեր ասածով կլինի»։ Կառավարությունը ստիպված եղավ զիջել։

Իրենց ասածը պնդելով՝ անհնազանդ գյուղացիները հասնում էին ջրատարների, գյուղական ճանապարհների կառուցմանը և այլն։ Բայց դրանք տնտեսական պահանջներ էին։ Հասել է ռազմաքաղաքական պահանջների ժամը։

Ամենաթարմերից։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ՀՀ պաշտպանության նախարարից բացեիբաց բացատրություն է պահանջում․ ինչո՞ւ կապանցիներին ստիպեցին հանձնել լավ ամրացված դիրքերը։ Պաշտպանական ամրույթները ամբողջ գյուղական համայնքով էին ստեղծել, իսկ դրանք թողնել-հետ քաշվելու հրամանը քաղաքից եկավ։ Ինչպե՞ս հասկանալ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am