«Մինչև 18։00–ն ժամանակ ենք տալիս «Իմ քայլը»–ին՝ ներկայանալու՝ միասին երկրի իրավիճակը քննարկելու համար»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են Կառավարության շենքը

Մինչև ժամը 18։00-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որ պատվիրակությամբ ներկայանա և «Հայրենիքի փրկության շարժման» հետ քննարկի երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքը շրջափակած քաղաքացիներին դիմելով՝ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց՝ ինչպես պայմանավորվել են, վճռական քայլերով շարժվելու են առաջ։ «Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք՝ մինչև ժամը 18։00-ը «Իմ քայլը» ներկայանա՝ մեզ հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու։ Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և, վերջին հաշվով, խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ այս պահին շրջափակված են Կառավարութան, Դատախազության, ԿԳՄՍՆ շենքերը, անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվում են։

Նա նշեց, որ թեև եղանակը ցուրտ է, կան դժվարություններ, բայց իրենք ամուր են և միասնական։ «Մեր պահանջները հերթով թելադրելու ենք և գնանք առաջ, հետքայլ չկա, նահանջ չկա։ Կոչ եմ անում քաղաքացիներին, ովքեր տանն են, ներկայանալ հանրապետության հրապարակ, որոշվում է երկրի և ապագայի հարցը»,- ասաց նա՝ նշելով, թե շարունակելու  են շրջափակված պահել կառավարական շենքերը՝ սպասելով իշխանական խմբակցության արձագանքին, ըստ որի էլ կպլանավորեն գործողությունները։

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ առաջիկա ժամերին վրաններ կտեղադրեն հրապարակում՝ գիշերելու համար։

tert.am