ՀՔԾ–ն «5 միլիարդի» գործով հարցաքննության է հրավիրել Արթուր Վանեցյանին

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարգելի պատճառով չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն։

 Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Արցախի հարցը 5 միլիարդ դոլարով լուծելու մեղադրանքի հետ կապված, գործի շրջանակում այսօր ՀՔԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։

Նշենք, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, հայտարարել էին, որ Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Մասնավորապես Միքայել Մինասյանը պատմել էր, որ ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա առաջարկը Փաշինյանին է փոխանցել Դուբայում այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով։

Ըստ կայքի տեղեկությունների`այժմ ՀՔԾ-ն քննություն է սկսել այդ հայտարարությունների հետ կապված։

«Այսօր Վանեցյանը հարցաքննության չի ներկայացել հարգելի պատճառներով»,–գրում է թերթը։

Հիշեցնենք` ընդդիմության հանրահավաքի ժամանակ  Վանեցյանն ասել էր, որ օպերատիվ կապի շրջանակներում ինքը պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։

Այդ շփումների արդյունքում, Վանեցյանի խոսքով, տարաբնույթ տեղեկություններ է ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները: Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ էր համարել  ծառայության բերումով ստացված տեղեկությունները չհրապարակել:

armeniasputnik.am