«Համոզված եմ՝ Փաշինյանը, քրեական պատասխանատվության ենթարկվելով, հրաժարական կտա. մեկուսարանն իր համար բավական ապահով վայր է». Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել

2003-ից 2018-ը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել։

«Պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար», – Aysor.am-ին ասաց Կիմ Բալայանը՝ նշելով, որ այսօրվանից հացադուլով միացել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին։

Բալայանի խոսքով՝ ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է զուտ օրինապահությամբ։

«Եվ իրավական ուղին է ճիշտ ուղին հարցին լուծում տալու համար։ Սա ամենաօրինական և իրավաչափ պահանջն է, որ ես ներկայացնում եմ», – ասաց Կիմ Բալայանը։

Հարցին, թե անժամկե՞տ է հացադուլը, Բալայանը պատասխանեց.

«Ո՛չ, մինչև իր հրաժարականը՝ քրեական պատասխանատվության ենթարկելով։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա, որովհետև իր համար բավական ապահով վայր է քննչական մեկուսարանը»։

Դիտարկմանը, թե ազատությունն ավելի ապահով չէ՞, Կիմ Բալայանը պատասխանեց.

«Այնտեղ ավելի ապահով է»։aysor.am