«Փաշինյանի հասցեին դավաճանության մասին հնչող մեղադրանքները որևէ հիմք չունեն». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղելհայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ:

Նոյեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են համաձայնության տարբերակներ, եթե ոչ ամենասկզբում, ապա X օրից Շուշին, որպես պատերազմի դադարեցման նախապայման եղել է օրակարգում, և դա անհերքելի փաստ է։ Փաշինյանի հայտարարությունից հետո արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ժամեր անց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ դեռ հոկտեմբերին համոզել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները կարողանան վերադառնալ Շուշի, բայց հայկական կողմը դրան դեմ է եղել: Նա նաև հավելել է, որ չի հասկացել՝ ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել ընդունել այդ պայմանը:

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Փաշինյանի հասցեին դավաճանության մասին հնչող մեղադրանքները որևէ հիմք չունեն:

PanARMENIAN.Net