ԱԱԾ նախկին պետ․ Փաշինյանը դավաճան չէ, բայց գուցե վատ կառավարիչ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ, սակայն նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Էդուարդ Համբարձումյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Համբարձումյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է եղել 1 ամիս՝ հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը, փոխարինել է Արգիշտի Քյարամյանին, ով պաշտոնավարել էր 4 ամիս։

«Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ: Այո, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ»,- գրել է ԱԱԾ նախկին պետը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը, միևնույն ժամանակ, հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, «ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի»: