Սիրելիներս,
Ցավից ու տագնապից մեզ ենք կորցրել, բայց պետություն կորցնելու իրավունք չունենք: Ամեն մեկս կարող ենք մեր գլուխը պատով տալ, բայց մեկս մյուսի գլուխը պինդ պահենք, որ կարողանանք պետության գլուխը պահել:
Հայաստանը շատ ծանր վիճակում է հայտնվել: Վտանգները կախված են մեր գլխին: Մղկտացնող կորուստներ, հայրենիքի մի մասից զրկվել, խեղված ճակատագրեր ու անորոշ ապագա …
Գժվելու է: Բայց պիտի մտածենք, որ պետությունն էլ չկործանենք, իրար չկործանենք:
Պետական ինստիտուտները պիտի չփլուզվեն, դուրս գան պապանձված վիճակից ու ժողովրդին տեր կանգնեն:
Ոչ թե հրաժարականներ ու մանդատներ դնել պիտի տենչանք ԱՅՍ ՊԱՀԻՆ, այլ պահանջենք, որ իրենց մանդատով, իրենց պաշտոնով պարտավորված պարտականությունները կատարեն՝ ԾԱՌԱՅԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ոնց խոստացել են:
Լավ օրերին ծառայելը հեշտ է, վատ օրերին է ջանք պահանջում, սեփական եսից ու սեփական ապագայից բարձր լինել պահանջում, ոչ թե սեփական կարիերային, այլ՝ պետությանը ծառայել պահանջում:
Պահպանենք ու կոլապսից հանենք պետական ինստիտուտները՝ Հայաստանի հանրապետության դրոշ ու զինանշան կրող հիմնասյուները:
Պահանջենք, որ տեր կանգնեն ժողովրդի կողմից տրված մանդատին, ժողովրդի գրպանից ստացած աշխատավարձին:
Ժողովուրդն իրավունք ունի ընկճված լռել կամ բղավել, կաթվածահար ու թևաթափ եղած լինել: Պետության ծառաները չունեն այդ իրավունքը: