ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտարարել է աշխատանքից ազատման դիմում գրելու և անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դադարեցնելու մասին։
Բողոքի ձայն են բարձրացրել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեք կին պատգամավորներ։ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»։
Իսկ Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ առավոտյան կներկայացնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։
«Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։
Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից։
Հ. Գ. Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ պատգամավորական մանդատից չեմ հրաժարվում։ Հետայսու կգործեմ որպես անկախ պատգամավոր։ Ես ընտրվել եմ վարկանիշային ընտրակարգով, անելիք ունեմ մարզում»։
Պատգամավոր Լուսինե Բադալյանն իր հերթին գրել է․ «Եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։