Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված զինադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա, Twtter-ի էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը՝ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ անելով անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ -ի հետ՝ այդ հարցերի լուծման համար։
«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս զինադադարում շարադրված պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- ընդգծում է Փալոնեն։
Կոնգրեսականը նաև նշել է, որ «միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցող։ Առանց դրա նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/612909.html