Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում վճռորոշ քայլ արեց, մինչդեռ մյուսները պարզապես «լվացին ձեռքերը». Политическое Обозрение

Մեծ է հավանականությունը, որ Երևանում ծավալվող զանգվածային բողոքի ցույցերը կավարտվեն նոր վարչապետի, ինչպես նաև նոր խորհրդարանի ընտրությամբ, գրում է politobzor.net-ը՝ ընդգծելով, որ ցույցերի ալիքի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, «կընկնի» իրեն այդքան ծանոթ տարերքի ճնշման տակ։ Ընդ որում՝ այս մասին են խոսում բազմաթիվ քաղաքագետներ, այդ թվում նաև հայ։

Ինչպես գրում է պարբերականը, միամտություն կլինի հավատալ, որ Ղարաբաղյան հակամարտությունում որևէ երկարաժամկետ «վերջակետ» է դրվել։ Ամենայն հավանականությամբ, սա պարզապես «ստորակետ» է հրադադարի մասին անցումային փաստաթղթում, քանի որ դժգոհները չափազանց շատ են։ Այս համաձայնության արդյունքում Բաքվի (փաստացի նաև Անկարայի) թույլտվությամբ Մոսկվային հաջողվեց պահպանել իր դեմքը՝ ձեռք բերելով անօգուտ, սակայն պատվավոր «խաղաղապահի» կոչումը, Հայաստանը «խաղաղ» ճանապարհով կորցրեց այն, ինչն արդեն իսկ վաղը կկորցներ էլ ավելի մեծ արյան գնով, իսկ դաշնակիցներ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որոնց կանգնեցրին փառահեղ հաղթանակից մի քայլ առաջ՝, տվեցին «պարզապես» հաղթանակ: Այս հրադադարը միայն առիթ դարձավ հանգստանալու, ուժերը հավաքելու և հարձակվող բանակի արյունալի գործողություններին համաշխարհային արձագանքը հարթելու համար։

Ըստ աղբյուրի, սա միայն նշանակում է, որ Կովկասում և առավել ևս Լեռնային Ղարաբաղում «էպոպեան» դեռ իր ավարտին չի հասել։ Հետևաբար՝ «նոյեմբերի 10-ի պայմանագիր» անվանումը ստացած համաձայնագրի ստորագրումից հետո անկարգությունները Երևանում առավել կանխատեսելի ու ակնհայտ հետևանքն են։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա աղբյուրն ընդգծում է, որ այդ զորակազմի հարցն առ այսօր դեռ հստակ լուծված չէ։ Կրեմլի հաղորդմամբ՝ խաղաղապահ առաքելությանը մասնակցելու են բացառապես ռուս խաղաղապահներ, մինչդեռ Բաքուն ու Անկարան պնդում են, որ Թուրքիան նույնպես պետք է մասնակցի շփման գծին անվտանգության ապահովմանը։

Հարկ է նշել, որ այս անգամ ևս զինված հակամարտության լուծման հարցում հիմնական դերակատարումն ունեցավ Ռուսաստանը։ Հենց Ռուսաստանը կատարեց որոշիչ քայլը Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ մյուսները, այդ թվում նաև այսպես կոչված Մինսկի խմբի մասնակիցները, պարզապես «լվացին ձեռքերը», եզրափակում է պարբերականը։

tert.am