Սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Ծառուկյանի կամավորական ջոկատի բացակայությունն էր. Փաշինյան

Շատ է խոսվում Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի անկումից հետո 2 անգամ Շուշին հետ վերադարձնելու փորձ է արվել. Մեկը ամբողջությամբ ձախողվել է, մյուսի դեպքում մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի: Փաշինյանի բնորոշմամբ՝ ամբողջ հակասությունները կապվում էին դրա հետ:

«Դավադրությունների մասին խոսակցություններն արդեն քաղաքական մակարդակ են տեղափոխվում: Ինձ ասացին՝ Ծառուկյանը հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, որ հոտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, ՌԴ-ն պատրաստ է եղել խաղաղապահներ տեղեկայել ԼՂ-ում, բայց չեմ համաձայնել այդ ժամանակ, համաձայնել եմ այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել», – մանրամասնեց Փաշինյանը՝ դա անհեթեթություն որակելով:

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ հոկտեմբերի 22-ին և 25-ին հարցազրուցներում բարձրաձայնել է, որ կողմ է ռուսական խաղաղապահների տեղակայմանը:

«Եթե դավադրության մասին ենք խոսում, եկեք նաև արձանագրենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու: Հետո տեսանք ռեպորտաժ, վերնագրեր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք նիվաներ, վիլիսներ և այլն: Բայց այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս, գուցե սա է պատճառը, որ Շուշին ընկավ: Գուցե բավարար ռեզերվների դեպքում հնարավոր կլիներ Շուշին պահել: Սխալված չեմ լինի ասել, որ առանցքային պատճառներից մեկը Ծառուկյանի կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին», – նշեց Փաշինյանը:

Նա նաև բարձրաձայնեց՝ գուցե, այդ ջոկատները ՀՀ-ում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել:

«Այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչը տեղի կունենա», – խոստացավ Փաշինյանը: 

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2020/11/11/%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1769567