Ձեռք բերված պայմանավորվածությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ԼՂ ճգնաժամի տևական և լիաֆորմատ կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերած համաձայնությանը, փոխանցում է TASS-ը։
ՌԴ նախագահի խոսքով՝ հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով կտեղակայվի ՌԴ խաղաղապահ զորակազմ։
Պուտինը նշել է, որ համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաև ռազմագերիների և դիակների փոխանակում։ Տեղահանված անձինք և փախստականները կվերադառնան ԼՂ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո։
Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաև Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ: