ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է տոնել նախագահական ընտրություններում իր հաղթանակը։
Նրա խոսքով՝ ինքն առաջ է դեմոկրատ մրցակից Ջո Բայդենից, մասնավորապես Օհայո, Տեխաս, Ֆլորիդա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա, Միչիգան, Վիսկոնսին նահանգներում։
«Անկեղծ ասած՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում։ Մեզ հաղթանակի համար նույնիսկ հարկավոր չեն այդ բոլոր նահանգները»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը ելույթի ժամանակ, շնորհակալություն հայտնել ամերիկացիներին աջակցության համար, իսկ ելույթի ավարտին հաղթական վեր բարձրացրել բռունցքը։
Associated Press-ի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ Բայդենն առաջատար է ընտրիչների ձայներով (236): Թրամփի դեպքում ընտրիչների ձայների թիվը 213 է։
ԱՄՆ ընտրական համակարգը նախատեսում է պետության ղեկավարի անուղղակի ընտրություններ։ Նախագահին ընտրում է նահանգները ներկայացնող ընտրիչների 538 հոգանոց կոլեգիան։ Յուրաքանչյուր նահանգից ընտրիչների թիվը հավասար է Կոնգրեսում տվյալ նահանգի ներկայացուցիչների թվին։ Ընտրիչները պետք է քվեարկեն թեկնածուի օգտին, ով հաղթել է իրենց նահանգներում, սակայն պարտավորեցնող որևէ օրենք չկա։ Այսպիսով՝ թեկնածուն կարող է ստանալ ամերիկացիների առավելագույն թվով ձայները, սակայն պարտվել՝ ընտրիչների քիչ ձայների պատճառով։ Հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն։