Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքու կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։

«Ես այստեղ եմ եկել նախագահի հանձնարարությամբ։ Դուք նրա հետ խոսում եք ամեն օր, օրական առնվազն 2 անգամ, բայց ես փոխանցում եմ Ձեզ նրա բարևները։ Մենք նախագահից հանձնարարություն ենք ստացել Ադրբեջանին մենակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և գործել համատեղ։ Այստեղ կգան նաև մեր պաշտպանության նախարարը և այլ գործընկերներ։ Խորհրդարանի նախագահն այժմ այստեղ է գտնվում»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերվել է Ադրբեջանի նախագահի կայքում։

Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվում է այն փաստը, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում Թուրքիան անմիջական մասնակցություն ունի։

shantnews.am