Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրածովյան շրջաններում հետախուզական աշխատանքների իրականացումը ակնհայտորեն լարվածություն է առաջացրել նրա, Եվրամիության և Միացյալ Նահանգների հարաբերություններում, գրում է Haaretz թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի խոսքերն այն մասին, որ «Թուրքիան պետք է դադարեցնի սադրանքը և անհապաղ բանակցություններ սկսի Հունաստանի հետ»։
«Վերջին շաբաթներին հաճախակի են դարձել Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կամ ռազմական էմբարգո սահմանելու մասին խոսակցությունները: Բայց ԵՄ առաջնորդները անցյալ ուրբաթ կայացած գագաթնաժողովին այդ հարցը գրեթե աննկատ թողեցին և Հունաստանը ստիպված էր ճնշում գործադրել ՝ այն օրակարգում ընդգրկելու համար»,-գրում է թերթը՝ նշելով, որ թեև ԵՄ-ն հանդես է եկել կոշտ և վճռական հայտարարություններով, առաջնորդները Հունաստանին հասկացրել են, որ ավելի լավ է սպասել և պատժամիջոցների մասին քննարկումն իրականացնել դեկտեմբերին նախատեսված գագաթնաժողովի ժամանակ:
Ինչպես գրում է թերթը, մինչև դեկտեմբեր քննարկումը հետաձգելը կապված է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։ Չնայած Պետդեպարտամենտի նկատողություններին՝ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրաշալի անձնական հարաբերություններ ունի, սակայն ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները կարող են լարվել, եթե առաջիկա ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։