ՀՀ-ն պետք է սկսի Արցախի անկախության ճանաչման գործընթաց․ պետք է ստեղծել միջազգային իրավական նախադեպ և շատ ու շատ երկրների կողմից ճանաչումը կլինի․ Սերգեյ Շաքարյանց

ՀՀ-ն պետք է սկսի Արցախի անկախության ճանաչման գործընթաց։ Պետք է ստեղծել միջազգային իրավական նախադեպ։ Կարծում եմ՝ շատ ու շատ երկրների կողմից ճանաչումը կլինի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Մեր անելիքը դիվանագիտական դաշտում պետք է լինի նույն խնդիրը, որը չի արել Տեր-Պետրոսյանը․ Հայաստանը սկսում է ճանաչման գործընթաց։ Դու պետք է ճանաչես, աշխարհին ցույց տաս, որ վճռական ես տրամադրված։ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումից հետո այլ երկրներ կհետևեն ՀՀ-ի օրինակին։ Մենք ցույց կտանք, որ լուրջ ենք տրամադրված, և ես կարծում եմ, որ եթե ոչ բոլորի, ապա շատ ու շատ երկրների կողմից ճանաչումը կլինի։ Վաղ թե ուշ  պետությունները, որոնք հիմա ընդգրկված են հակաթուրքական ծրագրերի դեմ պայքարում՝ Չինաստանը, Ռուսաստանը, նրանք էլ կճանաչեն»,- նշեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարել էր․ «Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, կդիմեմ ՀՀ-ին և մյուս երկրներին ճանաչելու Արցախի անկախությունը»։

Մոսկվայում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանի կողմից խախտելը, ըստ Սերգեյ Շաքարյանցի, Արցախյան առաջին պատերազմի սցենարի կրկնությունն է։

«Հիշեցնեմ 1993 թ․ նման իրավիճակ էր ստեղված։ Անկարան ամեն գնով փորձում էր դառնալ տարածաշրջանում «հարց լուծող» և ցանկացած ժամանակավոր, մի քանի ամսվա համար նախատեսված պայմանավորվածություն միշտ խախտվում էր։ Թուրքիայի հրահանգով հակառակորդը միշտ էլ խախտել է ցանկացած պայմանավորվածություն։ Ոչ մի բան չի փոխվել՝ Ադրբեջանի վերաբերմունքը, տարածաշրջանային պահվածքը՝ որպես Թուրքիայի գործիք։ Քանի իրենց հիմնական նպատակը կատարված չէ, ապա կշարունակեն խախտել բոլոր պայմանավորվածությունները։ Իսկ հիմնական նպատակն է, որ Թուրքիան դառնա «հարց լուծող», զավթեն Հայաստանը։ Սա է Անկարայի ուզածը»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ ադրբեջանաթուրքական կողմը պայմանավորվածությունները կկատարի, կգնա խաղաղության միայն այն դեպքում, երբ հայկական ուժերը մեծ կորուստներ հասցնեն թշնամուն։

«1994 թ․ 8-10 հազար հոգու կորցնելուց հետո Ադրբեջանն ինքը ցանկացավ հրադադար։ Շատ զոհերի ժամանակ նրանք կհանգստանան։ Մինչև մենք չոնչացնենք ալիևյան ռեժիմի «ամենահամեղ» երազանքները, ոչ մի բան չի փոխվի։ Թուրքը մնացել է թուրք, ոչ մի բան չի փոխվել։ Հիմա կրկնվում է 1993-1994 թթ․ պատմությունը։ Միայն ուժի դիրքերից պետք է խոսել, թուրքը միայն քո ուժը պետք է տեսնի, միայն այդ ժամանակ է թուրքը մարդ դառնում, միայն այդ ժամանակ է պատրաստակամություն հայտնում կատարել պայմանավորվածությունները։ Մինչև դա չլինի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հակառակը՝ մի բան զիջես, իրենք կցանկանան Երևան հասնել»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։

tert.am