Իսրայելից Ադրբեջան զենքի մատակարարման գաղտնի մանրամասները. կասկածելի գործարքներ և օֆշորային միջնորդներ․ Hetq.am

Hetq.am-ը գրում է․

Նախորդ շաբաթվա վերջին Հայաստանն Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին։ Պատճառը Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումն էր, որը կիրառվում էր Լեռնային Ղարաբաղում։

Իսրայելն արդեն երկար տարիներ զենք է մատակարարում Իլհամ Ալիևի ռեժիմին, սակայն այդ գործարքների վերաբերյալ փաստաթղթերը լրագրողներին հասանելի են դարձել միայն վերջերս: Սույն թվականի սեպտեմբերի 20-ին 90 երկրներից ավելի քան 400 լրագրողներ հրապարակեցին համատեղ հետաքննություն ավելի քան երկու տրիլիոն դոլարի կասկածելի գործարքների մասին, որոնք անցել են ամերիկյան բանկերով։ Այդ նախագիծը հիմնված էր ԱՄՆ ֆինանսական հետախուզության գաղտնի փաստաթղթերի վրա։

Istories-ը FinCEN-ի արխիվներում հայտնաբերել է գաղտնի ֆինանսական մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ։ Ռուս լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանին զինամթերք մատակարարած իսրայելական պետական կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված օֆշորային միջնորդներին միլիոնավոր դոլարներ են վճարել։ Զենքի իսրայելական վաճառողները օֆշորային միջնորդների համար նախատեսված գումարները փոխանցել են ռուսական «Международный финансовый клуб» բանկ, որի բաժնետերերից է «Ռոստեխ» ռուսական պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի կինը։ Չեմեզովը ժամանակին Պետական անվտանգության կոմիտեում եղել է Վլադիմիր Պուտինի ծառայակիցը։

2017 թվականի դեկտեմբերին The Bank of New York-ի աշխատակիցները FinCEN-ին 100 միլիոն դոլարից ավելի փողերի հնարավոր լվացման մասին հաշվետվություն ենուղարկել։ Մասնավորապես, ամերիկյան բանկի աշխատակիցների ուշադրությունը գրավել էին Israel Military Industries Ltd (IMI Systems Ltd) իսրայելական պետական ընկերության գործարքները Բրիտական Վիրջինյան Կղզիներում գրանցված Jetfield Network օֆշորային ընկերության հետ։ 2017 թվականի 6 ամիսների ընթացքում IMI Systems Ltd-ն Jetfield Network-ին վճարել է մոտ հինգ միլիոն դոլար։

IMI Systems Ltd-ն ամբողջությամբ պատկանում է Իսրայել պետությանը։ Դատելով ամերիկացի դիվանագետների զեկույցներից, որոնք հրապարակել է WikiLeaks-ը, այդ ընկերությունը Ադրբեջանին տրամադրում է համազարկային կրակի հրթիռային համակարգեր, այդ թվում՝ «Գրադ» և Lynx, որոնք այս օրերին ակտիվորեն կիրառվում են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ։

Չնայած նրան, որ Jetfield Network ըներությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, այն օգտվել է ռուսական «Международный финансовый клуб» բանկի ծառայություններից։ Դրա հիմնական բաժնետերը բիզնեսմեն Միխայիլ Պրոխորովն է (նրան է պատկանում բաժնետոմսերի 47,8 տոկոսը)։ Բաժնետոմսերի 6,5 տոկոսն էլ պատկանում է Եկատերինե Իգնատովային՝ «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի կնոջը։

The Bank of New York-ի աշխատակիցները դեռ 2016 թվականին հարցում էին ուղարկել «Международный финансовый клуб»-ին՝ հասկանալու, թե ինչու է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը օգտվում ռուսական բանկի ծառայություններից, և ինչու է այն միջոցներ ստացել Ադրբեջանին իսրայելական զենք մատակարարողից։ «Международный финансовый клуб»-ից ամերիկացի գործընկերներին հայտնել են, թե Jetfield Network-ը իրենց ծառայություններից օգտվում է 2015 թվականի օգոստոսից, ընկերության հիմնական գործունեությունը խորհրդատվական և մարքեթինգային ծառայությունների տրամադրումն է, իսկ նրա միակ սեփականատերը Ադրբեջանի քաղաքացի ոմն Ջավիդ Հուսեյնովն է։ Դատելով Jetfield Network ընկերության գործունեության բնույթից՝ Հուսեյնովը կարող է ընդամենը խաղալ ընկերության անվանական սեփականատիրոջ դերը։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին (OCCRP) հաջողվեց պարզել, որ Jetfield Network ընկերությունը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի իշխանությունների հետ և վերջիններիս կողմից օգտագործվել է եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու համար։ 

շարունակությունը՝ https://hetq.am/hy/article/122651?fbclid=IwAR1LFI_F9xHYhLDW-Wu2XhduQvRAxnzqJbelAfQUcK1n6QMFdHVqqI_M7fY#.X3xV4cn9_4g.facebook