Առաջին Լրատվականը գրում է.
Նախօրեին մամուլը գրեց, որ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի հայտնի միջադեպի գործով։ Ավելի ուշ, սակայն, Նվեր Ծառուկյանի պաշտպանն ասել էր լրատվամիջոցներին, որ այդ հարցաքննությունը եղել է դեռևս հունիս ամսին, որից հետո նոր հարցաքննություն չի եղել։
«Պարտեզ» ռեստորանում մեկ տարի 8 ամիս առաջ կատարված հանցագործության հետևանքով սպանված 21-ամյա Ջիվան Հարությունյանի հարազատներին չի բավարարում քննչական մարմնի աշխատանքը: Նրանք համոզված են, որ քննությունն իրական կազմակերպիչներին բացահայտելու քայլեր չի ձեռնարկում։ Ավելին, ամեն ինչ արվում է, որպեսզի իրական կազմակերպիչը՝ Նվեր Ծառուկյանը, «մաքուր» դուրս գա գործից։ Այլապես, Ջիվան Հարությունյանի հարազատների խոսքերով՝ անհասկանալի է, թե ինչու գործում առկա փաստերի ճնշման տակ կրտսեր Ծառուկյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել և նա առ այսօր քրեական գործով պահպանում է վկայի կարգավիճակ։
21-ամյա Ջիվան Հարությունյանի պապը՝ Ջիվան Հարությունյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, ասաց, որ միայն գործում առկա փաստերը, ապացույցները բավարար են, որ Նվեր Ծառուկյանին մեղադրանք առաջադրվի, բայց առ այսօր քննիչը համարում է, որ դրա համար բավարար ապացույցներ չկան։
Հարությունյանը մեզ ներկայացրեց այդ ապացույցներից մի քանիսը։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեից տրամադրված գրությունը, որում նշվում է, որ քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հարցման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված հանցագործությունը կատարել է Նվեր Ծառուկյանը։
Մեկ այլ փաստաթղթով, որը դեպքից հետո կողմին տրամադրել էր Կոտայքի ոստիկանության պետը, նշվում է, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Նվեր Ծառուկյանը դեպքից անմիջապես հետո թաքնվել է իրենց պատկանող Ծաղկաձորի Անտառային թաղամասի թիվ 8 տանը, իսկ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հնարավոր է թաքցրած լինի նշված տանը կից ավտոտնակներում։
Նկատենք, սակայն, որ այդ ամենից հետո, այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։
Ջիվան Հարությունյանը մեզ տրամադրեց նաև գործում առկա մի փաստաթուղթ, որը հեռախոսային գաղտնալսման արձանագրություն է։ Ըստ էության, գաղտնալսվել է միջադեպին մասնակից Նվեր Ծառուկյանի ընկերներից մեկը, որը զրուցում է իր ընկերոջ հետ։
Գաղտնալսման մի հատված ներկայացնում ենք նույնությամբ
Ա. Մենք չէինք կարա դաբրո չունենայինք, ախպեր։ Առաջինը, որ իրանք էկել, մեզի խփել են, ախպեր, մենք զանգել, կուրսի ենք պահել։
Բ. Դե, պարզ բան ա, ընգեր։
Ա. էդքան մեր մոտ զենքեր-մենքերը որ էլել ա, էտի սաղ իրանք են դրել մեր հետ։ Մենք ոչ մի բան չենք ունեցել։
Բ. Դե, հասկանալի ա։
Ա. Մի հատ փետ էլ չենք ունեցել։
Բ. Հասկանալի ա, ընգեր, էդքանը ջոկում եմ, ընենց չի որ․․․
Ա. Սաղ իրանց դաբրոյով ա եղել, ու իրանց դաբրոն գիտես՝ ոնց ա եղել։ Իրանց դաբրոն ա էլե, ատամ են ունեցել վաղուց, պրոստը հա սպասել ենք՝ թեմա ըլնի, հա սպասել են՝ թեմա ըլնի, սպասել են, սպասել են, սպասել են, էս բ…ի տղեն էլ, որ խմած եկել ա ըտե, հետն էլ մի քիչ վատ են խոսացել… պահ ա գալիս, խմած խփել, հելել ջարդել, իտոգում ինքը սաաբրազիտ ա արել …էսի կարա լուրջ հարց ըլնի։ Ինքը մտածել ա՝ խոսքի բանվոր ենք, ընգերս, մեզի կնեղացնի, ինքն էլ մեզանից վեսով։ Էլ չի պատկերացրել, որ… խոսքի ասենք՝ էսա ինչ ա ըլնելու, գազ ա տվել։ Նրանք էլ՝ հոպ, ըհը՜..․ էն հին թեմաները հիշել են։ Հիմա էլ իրանք ճիշտ են, ջոգի՞ր, վերջ, ի վերջո, էտի իմ աշխատողներն են։
Բ. Իրանք պո լյուբոմու սխալ են, Եղո ջան։
Ա. Ասել են, դե, որ էդ ձև, էդ ձև, խփեք, ախպեր, մտեք օբյեկտ, ինչ ա ձեզ պետք, ախրանա՞ ա պետք, զե՞նք ա պետք, ինչ ա պետք, խփեք ու փռեք սաղին գետին, ջոկո՞ւմ ես՝ մի հատ կինո, ախպեր։
Բ. Ապե, գ… ըլնեմ, խոսքի, ես էդ մարդուն բեսամթ հարգում եմ, էլի, խոսքի։
Ա. Գագոյի՞ն։
Բ. Հա։
Ա. Գագոն մեր քաղաքի համար․․․
Բ. Գիտեմ, ապե, ես կուրսի եմ ամեն ինչից, մեռնեմ սրտիդ։
աղբյուրը՝ այստեղ