Ավինյանը կվերադառնա՞ արձակուրդից, թե՞ հրաժարական կտա

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի լարված հարաբերությունների վերաբերյալ։ Մի քանի անգամ եղան հրապարակումներ Ավինյանի հնարավոր հրաժարականի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ Ավինյանը շարունակում է պաշտոնավարել՝ ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն կերպ փորձում է ազատվել նրանից։

Փաշինյանն ըստ էության ուղիղ չի կարողանում ազատել Ավինյանին, քանի որ վերջինս հզոր հովանավորներ ունի, որոնց մասին հանրությունը քիչ բան գիտի (Ավինյանի հովանավորների մասին կխոսենք առաջիկայում)։ Սա է պատճառը, որ Փաշինյանը ամեն բան անում է, որպեսզի Ավինյանն իր կամքով հեռանա:

Ըստ էության հասկանալի է նաև, որ Ավինյանի համար ևս ձեռնտու չէ երկար մնալ Փաշինյանի հետ նույն թիմում, եթե նա չկարողանա հեռացնել Փաշինյանին իշխանությունից, ապա պետք է ինքն անձամբ հեռանա, որպեսզի մինչ գալիք ընտրություններ հնարավորություն ունենա հանրության համար տարբերակվել Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից։

Ամիսներ առաջ, երբ մամուլում կրկին լուրեր հայտնվեցին Ավինյանի հնարավոր հրաժարականի մասին, գրվեց, որ այն կարող է տեղի ունենալ արտակարգ դրության ավարտից հետո, երբ նա այլևս չի լինի Հայաստանի պարետը և դժվարին փուլն անցած կլինի։

Սեպտեմբերի 11-ին ավարտվեց արտակարգ դրությունը, որն այլևս չերկարաձգվեց։ Ավինյանն այլևս ՀՀ պարետը չէ և այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ավինյանը գնում է 17-օրյա արձակուրդ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշումն արդեն ստորագրել է։

Առաջիկա օրերը ցույց կտան՝ Ավինյանը վերադառնու՞մ է արձակուրդից, թե՞ հրաժարական է տալիս։ Եթե անգամ Ավինյանը վերադառնա՝ վստահաբար կարելի է ասել, որ այն երկարաժամկետ վերադարձ չի։ Մոտենում է այն սահմանը, որից այն կողմ Փաշինյանն ու Ավինյանը չեն կարող միասին լինել։

politik.am