Ո՛չ բնակարան, ո՛չ մեքենա, ո՛չ թանկարժեք գույք. ի՞նչ է հայտարարագրել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։

ԱԺ փոխնախագահը հայտարարագրել է ընդամենը կանխիկ դրամ՝ 9,000,000.00 ՀՀ դրամ և 9,500.00 ԱՄՆ դոլար։

Որպես Ազգային ժողովից ստացած աշխատանքի վարձատրություն՝ Վահե Էնֆիաջյանը հայտարարագրել է  12,518,080.00 ՀՀ դրամ։

Վահե Էնֆիաջյանը հաշվետու տարում ձեռք բերած, օտարած անշարժ  և շարժական գույք, տրանսպորտային միջոց, ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք, հանձնած և վերադարձված ավանդներ և փոխառություններ, Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ չի հայտարարագրել։

Նկատենք, որ նախորդ տարվա տարեկան հայտարարագրում ևս Ազգային ժողովի այն ժամանակ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ՝ 8,750,000.00 ՀՀ դրամի,  6,900.00 ԱՄՆ դոլարի և 4,000.00 եվրոյի չափով։

Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ստացված աշխատավարձն էլ հայտարարագրել է 6,605,030.00 ՀՀ դրամ։

Այս հայտարարագրում ևս չկա ո՛չ շարժական, ո՛չ  էլ անշարժ գույք։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված են Վահե Էնֆիաջյանի հայտարարագրերը՝ 2013 թվականից սկսած. բացառությամբ 2017 թվականի տարեկան հայտարարագրի, որտեղ պատգամավորը հայտարարգրել է անշարժ գույք՝ հասարակական նշանակության երկու շինություն, որևէ այլ հայտարարագրում  Էնֆիաջյանը անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել։

2019 թվականի տարեկան հայտարարագիր է ներկայացրել նաև ԱԺ փոխնախագահի կինը՝ Ֆրիդա Էնֆիաջյանը՝ հայտարարագրում գույքի, եկամուտների և ունեցած դրաման միջոցների մասին տվյալներ առկա չեն։

2019 թվականին ներկայացված հայտարարագրում Ֆրիդա Էնֆիաջյանը հայտարարագրել է   դրամական միջոցներ՝ 3,700,000.00 ՀՀ դրամի և 3,500.00 ԱՄՆ դոլարի չափով։