Եթե նախագահը հրաժարական տար, կլիներ չարյաց փոքրագույնը

Կար Լևոնի Սահմանադրություն, կար Ռոբերտի Սահմանադրություն, կար Սերժի Սահմանադրություն, հիմա Սահմանադրությունը Նիկոլն է: Եթե նախորդները նոր Սահմանադրություն էին ընդունում կամ գործողը փոխում ու փոփոխում հանրաքվեի միջոցով, հիմա Սահմանադրությունը թելադրվում է մեկ անձի կողմից, և այդ մեկ անձը ես չեմ, դու չես, նա չէ… այդ մեկ անձը Նիկոլն է: Կարող են հարցնել` չի կարո՞ղ այդպես լինել, է՛, ինչո՞ւ չէ, տեսնում ենք, որ կարող է:

Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանության, մասնավորապես՝ իշխող քաղաքական մեծամասնության արմատական միջամտությունն իրավական դաշտի մի շարք գործիչներ, իրավաբաններ մասնագիտորեն որակեցին՝ որպես սահմանադրական կարգի տապալում երկրում: Բնականաբար, հակառակ որակումներով հանդես եկողները նույնպես քիչ չեն, որոնց պնդմամբ՝ Սահմանադրության որոշ կետերի փոփոխությունն օրինաչափ է և իրավական տեսանկյունից անխոցելի: Քանի որ դժվար է անմիջապես կողմնորոշվել ոչ իրավագետ ու հատկապես ոչ սահմանադրագրագետ քաղաքացիներին, թե ո՞րն է ստույգ կամ սխալ ու ճիշտ, կարող են միայն ենթադրություններ անել` իրենց հայեցողությամբ ու գիտելիքների պաշարում տեղավորվելով:

Սակայն կա մի կարևոր հանգամանք, որը հստակ ցուցիչ է ուղղված ապագային` ներկան ողջամիտ ու հավաստի գնահատելու համար: Սա հանրապետության նախագահի կեցվածքն է ու դիրքորոշումը ծավալվող գործընթացների կշռադատման ու վերաբերմունքի առումով: Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվեց Ազգային ժողովի ընդունած աղմկահարույց որոշումը ստորագրել, որի համաձայն՝ ՍԴ երեք դատավորներ պաշտոնանկ են արվում և դադարեցվում է Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ, լիազորությունները` դրա վավերացումը փոխանցելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Իսկ մինչ այդ ԱԺ նախագահը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդ քայլը` լիազորությունների փոխանցման փոփոխությունը, հենց նախագահի աշխատակազմից են հուշել օրենսդիր մարմնին:

Հանրապետության նախագահը՝ որպես Սահմանադրության պաշտպան ու երաշխավոր, հրաժարվում է Սահմանադրությամբ իրեն վերապահված այդ իրավունքից ու պարտականությունից: Նաև նախագահի աշխատակազմից տեղեկացրեցին, որ չի ստորագրելու Սահմանադրական դատարանի փոփոխություններին վերաբերող Ազգային ժողովի ընդունած նոր որոշումը` այն կրկին թողնելով Արարատ Միրզոյանի վավերացմանը: Նախագահը միայն ստորագրեց իր որոշ լիազորությունների ու իրավունքների փոխանցաթերթիկը:

Նախագահի այս մոտեցումը հաստատում է, որ գործընթացն անօրինական է, և ոչ սովորական անօրինականություն, որն ապագայում դատապարտվելու է՝ որպես ծանր հանցագործություն` ուղղված պետությանն ու պետականությանը: Այլևս հարկ չկա ոչ իրավագետ քաղաքացիներին ենթադրություններ անելու խոցելի գիտելիքների պաշարով:

Այս ամենը որպես խնդիր արդեն պարզեցված է և հարկ չկա ևս մեկ անգամ բարձրաձայնելու: Սակայն կա մի կարևոր հանգամանք, որին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գուցե ուշադրություն դարձրել է` հավանաբար համարելով չարյաց փոքրագույնը: Այս խճողված գործընթացում նախագահը որդեգրեց Պիղատոսին բնորոշ վարքագիծ, կամ, որ ընդունված է որակել` պիղատոսություն, այսինքն` վարվեց պիղատոսաբար: Ջուր վերցրեց, ձեռքերը լվաց, ասելով` ես անմասն եմ այս մեղքից ու վճռից:

Ինքը որպես սահմանադրության երաշխավոր` Սահմանադրությանը վերաբերող որոշ կետերի փոփոխության որոշումն ու վավերացումը թողեց ժողովրդին, նույնն է` ժողովրդի ընտրած պատգամախոսներին: Արդյո՞ք պիղատոսությունը դատապարտելի չէ, և վաղը ձեռքերը լվանալու չեզոքության համար, որ անտարբերություն է և թողտվություն, պատասխանատվության չեն կանչելու նախագահ Արմեն Սարգսյանին: Հենց ինքն էր այն բարձր ձայնը, որ կոչված էր կանխելու երևույթը: Արդյո՞ք կփրկի այն հանգամանքը, որ ստորագրությամբ հրաժարվել է այդ լիազորությունից:

Եթե ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ նախագահն անզոր էր պայքարել, ճնշում էին և ինչ-ինչ խնդիրներ առաջադրելով` փակուղի տանում կամ կնճռոտ փաստի առաջ կանգնեցնում, ուրեմն մնում էր հրաժարական ներկայացնելը: Սա լավագույն տարբերակը չէր, լավագույնը մնալ և պայքարելն էր իր իրավունքների և լիազորությունների սահմաններում, պաշտպանել այն, ինչի համար կոչված էր և ինչի անվտանգության երաշխավորն էր: Եթե նախագահը հրաժարական տար, չէր լինի լավագույն անմեղությունը, կլիներ մեղքի չարյաց փոքրագույնը: Իսկ այս իրավիճակը նշանակում է՝ աթոռից կառչած մնալ ամեն դեպքում, թեկուզ քանդուավեր, թեկուզ սոդոմ-գոմոր, միայն թե վերևում` գահավորակին բազմած մնա: Արդյո՞ք սա մեղքերից ծանրագույնը չէ:

Ջուրը մտնել և չոր դուրս գալ չի լինում, իրատեսական չէ և իլյուզիայի ժանրից է: Չոր մնալու համար չպետք է մտնել ջուրը, եթե մտել ես, չես կարող չոր դուրս գալ` որքան էլ խուսափես պղտոր հոսանքից: Մեկ տարբերություն կա. առաջին` ջրից դուրս ես գալիս տիղմոտ, երկրորդ` ջրից դուրս ես գալիս մաքուր, բայց երկու դեպքում էլ թաց ես դուրս գալիս:

168.am