ՀՀ նախագահը հայտնել է, որ չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ՝ 80, դեմ՝ 1 ձայներով, առանց ընդդիմության մասնակցության, ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուի առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդը՝ Հանրապետության նախագահը, իսկ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ՝ համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է՝ հունիսի 26-ից հետո՝ երկամսյա ժամկետում:

Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած՝ Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Նախագծով փոփոխություններ են կատարվել նաև լիազորությունների ժամկետը ավարտված և պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների՝ կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում:

Հստակեցվում է նաև 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների՝ պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը:

Tert.am