«Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունը զբաղված է անիմաստ և զավեշտալի փիարով». Արման Աբովյան

Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունը զբաղված է անիմաստ և զավեշտալի փիարով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն է գրել:

«Չէ՛, ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը, ավելի ճիշտ` տրամաբանության իսպառ բացակայությունը: Սա արդեն աբսուրդ չէ, սա մի ողջ ժողովրդի ձեռք առնել է։

Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունը զբաղված է անկապ, անիմաստ և զավեշտալի փիարով։ Մի կողմից՝ կրկին վարչապետը մեղադրում է ժողովրդին, որ դիմակ չեն կրում և երկրի խնդիրները հենց մարդկանց երեսից են առաջանում, առողջապահության նախարարն, իր գործը թողած, սովորեցնում է մարդկանց` ինչպես ձեռքերը լվանալ, իսկ մնացած իշխանական թևը լծված է գույքահարկի խայտառակ օրենքի արդարացման գործընթացին, և, իհարկե, պետական ամբողջ համակարգը մի մարդու պես փորձում է ահաբեկել և վախեցնել ընդդիմադիրներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են հոտնկայս ծափահարել իշխանության աբսուրդին»։

Աբովյանի դիտարկմամբ՝ վարկային տոկոսները խեղդում են մարդկանց, ինչպես համավարակն, այնպես էլ համատարած գործազրկությունն է մարդկանց կանգնեցնում գոյատևելու խնդրի առջև, փոքր և միջին բիզնեսը չգիտի, թե ինչպես հաղթահարի հարկային ու վարկային բեռը, իսկ արտագնա աշխատանքի գնացողները համալրել են գործազուրկների բանակը:

«Այս ամենի մեջ է՞լ է ժողովուրդը մեղավոր…դուք հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել արդեն»:

tert.am