Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն 2017 թվականի ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել և հունիսի 16-ին ԱԺ-ի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանք առաջադրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նշենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

tert.am