«Իմացել եմ, որ ամեն ինչ հարթված է, կապվել եմ եղբոր տղայի հետ, Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակված: Այս պահին ոչ մի խնդիր չկա, աջակցության կարիք չկա, չգիտեմ՝ ինչ հիմքերով են ձերբակալել, դատում եմ էն կադրերով, որ կա տեսագրության մեջ: Բռնությունն ամեն դեպքում քննադատելի է: Պետք է հասկանալ՝ արարքը համաչա՞փ էր, թե՞ ոչ ուժայինների կողմից: Դա պետք է իրավապահները գնահատեն: Նաև պետք է հիշենք՝ հայտնի, ոչ հայտնի, անվանի, ոչ անվանի, պետք է օրենքին ենթարկվես»,- ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ճեպազրույցում անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելու միջադեպին:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող զարգացումներին, Ջուլֆալակյանն ասել է, որ այն ոսկե շղթան, որը Գագիկ Ծառուկյանը նվիրել է իր հորը՝ Լևոն Ջուլֆալակյանին և որի մասին գրվեց համացանցում, եղել է օլիմպիական օղակ, որով պարգևատրվել են սպորտում մեծ ավանդ ունեցող մարդիկ, հատկապես օլիմպիական չեմպիոնները:
«Եթե դուք չգիտեք, իմ հայրն օլիմպիական չեմպիոն է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի 20 տարվա գլխավոր մարզիչն է եղել, ու որքան ես գիտեմ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ ոչ մի մարզիչ էդքան արդյունք չի բերել: Արժանի՞ էր, թե՞ ոչ օլիմպիական շղթայի, դատեք ինքներդ: Ծննդյան 55-ամյակին արժանացել է օլիմպիական շղթայի, որով պարգևատրելը ՀԱՕԿ նախագահի պարտականություններից մեկն է»,- ասել է պատգամավորը:
Աղբյուրը՝ shantnews.am