Ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ և վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը․ Արթուր Վանեցյան

Տեսնելով, թե ինչ վիճակի է հասել մեր երկիրը և ուր է գնում՝ ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ և վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը, որն անդունդի եզրին է հասցրել երկիրը։  Այս մասին այսօր «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարի ընթացքում  հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանի այն արտահայտության մասին, թե՝ թող Վանեցյանը խոսի, որպեսզի պարզ լինի՝ թե որ երկրի շահերն է նա սպասարկում։

«Չգիտեմ էլ՝ Արթուր Մանուկյանն ով է։ Մարդ պետք է կենսագրություն ունենա, որ իրեն ճանաչեն։ Մարդը պետք է իմանա իր խոսքի արժեքը: Այդ մարդիկ անընդհատ հակասում են իրենք իրենց: Կեղծ պնդումներ են, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Դա է այսօրվա իշխանությունների վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, հավատացեք, եթե ունենային ինչ-որ չնչին ապացույց այս կամ այն արարքի վերաբերյալ, կամ կհրապարակվեր մամուլում կամ քրեական գործ կհարուցվեր։ Ամբողջովին կեղծ պնդումներ են»,- ասել է Վանեցյանը։

Ըստ նրա՝ ԱԱԾ տնօրենի  պաշտոնից հրաժարականից հետո իր մասին բոլոր կեղծ լուրերը հետապնդում են մեկ նպատակ՝ վարկաբեկել իրեն: «Իմ հասցեին որևէ մեղադրանք հաստատում չի ստացել։ Ես դիմել եմ դատարան, վստահ եմ՝ դատարանը կքննի գործը և օբյեկտիվ գնահատական կտա։ Վարչապետն ու նրա խոսնակը պնդում են, թե ես փայաբաժիններ եմ գնել Միքայել Մինասյանից։ Ես առաջարկել եմ Փաշինյանին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին, եթե պարզվի՝ ճիշտ է, ես կկրեմ պատասխանատվություն, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի սուտ մատնության համար»:

ԱԱԾ նախկին տնօրենը հարցազրույցի ընթացքում շեշտել է նաև, որ ժողովրդի և պետության առաջ  պատասխանատվությունն է նրան  քաղաքականությամբ զբաղվելուն դրդել: «Ցանկացած պարագայում պատասխանատվությունն իմ մեջ եղել է առաջնահերթություն։ Տեսնելով, թե ինչ վիճակի է հասել մեր երկիրը եւ ուր է գնում, ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ եւ վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը, որն անդունդի եզրին է հասցրել երկիրը, երկիրը հասնում է մի կետի, որից հնարավոր է վերադարձ չլինի։ Նորից օրակարգ է բերվում նույն թեմա, թե ես ուղղորդվում եմ։ Չկա նման բան»:

Tert.am