Եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը մի հարցում ազնիվ է. նա չի հերքում այն ճշմարտությունը, որ ինքն այլևս չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Ճամփի կեսին ձիերին փոխու՞մ են
Եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը մի հարցում ազնիվ է. նա չի հերքում այն ճշմարտությունը, որ ինքն այլևս չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը: Չի պնդում հակառակը: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլ Փաշինյանի ձեռքում դեռևս պատանդի կարգավիճակում գտնվող նրա թիմակիցները կամ նրա արդեն հատուկենտ աջակիցները: Երկու միտք:
Ա.) Ճամփի կեսին ձիերին չեն փոխում: Երկրում արտակարգ իրավիճակ է, մենք պատերազմի մեջ ենք անտեսանելի թշնամու դեմ, և սխալ կլինի համավարակի ու արտակարգ իրավիճակի պայմաններում գնալ վարչապետի փոփոխության:
Բ.) Հա, չենք հերքում, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն նա ընտրվել է միանգամայն օրինակարգ եղանակով, ուստի պիտի սպասել գալիք 2023 թ. հերթական ընտրություններին ու էդ ժամանակ էլ ժողովուրդը թող իր քվեարկությամբ որոշի` շարունակում է վստահել Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ:
«Ձիերի» մասով, երևի անհնար է ավելի դիպուկ ու այլաբանորեն արտահայտվել, քան դա արել է հայ ժողովրդի ու արցախյան գոյամարտի մեծ բարեկամ, պատերազմական փառահեղ ճանապարհ անցած ռուս գեներալ Լեբեդը. «Да, коней на переправе не меняют, а ослов — можно и нужно менять» (18.10.1996):
Հերթական ընտրություններին սպասելու մասին պնդումը, թերևս, հիմնավորված կլիներ, եթե չունենայինք այն գերվտանգավոր իրականությունը, ինչ կա այսօր` անդունդի եզրին կանգնած երկիր ու դժոխքի միջով անցնող ժողովուրդ (բնորոշումը` Նիկոլ Փաշինյանի), կոլապսի ենթարկված առողջապահական համակարգ ու սոցիալ-տնտեսական մոտալուտ աղետ, հանրության զանգվածային հիասթափություն և իշխանության կողմից հրահրված բարոյահոգեբանական երկրաշարժ, մեր աչքի առաջ կազմաքանդվող պետական ինստիտուտներ և մեր հավաքական իմունիտետի ակնհայտ նահանջ, ու էս ամեն ինչի հանրագումարում` արդեն իրական պատերազմի ու արտաքին ագրեսիայի ռեալ վտանգ: Անգամ մեր պետականության գլխին կուտակվող սև ու մութ ամպեր:
Ուստի, առավել քան տրամաբանական է, որ «ձիերի» փոփոխությունը ոչ միայն ցանկալի է, այլ իրականում պարտադրված միակ հնարավոր լուծումը, որը թույլ կտա փորձել ձևը գտնել ու կանխել այն, ինչ մեզ սպասում է: Սա այն դեպքն է, երբ ժամանակը մեր դաշնակիցը չէ: Հակառակը` ժամանակը մեր ամենամեծ թշնամին է, քանի որ ուշացած ամեն մեկ օրը մեզ էլ ավելի է մոտեցնում, բժշկական բառերով ասած, անդառնալիության ճակատագրական կետին, որտեղից այն կողմ արդեն իրադարձությունները իրենք կթելադրեն դեպքերի հետագա ընթացքը` մեզ բոլորիս դնելով դիտորդի դերում, որտեղ այլևս ոչ մեկը օգտակար ոչինչ այլևս չի կարող անել` փրկելու Հայաստանը, փրկելու մեր ժողովրդին»,-գրել է Սամվել Ֆարմանյանը: