2.5 ամիս է՝ ՀՀ իշխանությունների շուրթերից լսում ենք մեզ հայտարարված նոր պատերազմի, նոր թշնամու կողմից հայտարարված կորոնավիրուսի մասին: Ու այս թշնամին, երբ հարվածում էր ուրիշներին, մենք ապրում էինք մեզ համար անհոգ՝ մտածելով, որ այն մեր սահմաններին չի մոտենա՝ հայու գեն, բիբլիական երկիր, լեգիտիմ իշխանություն: Բայց մոտեցավ, և ունեցանք «վիրավորներ», ու այս անգամ էլ մտածեցինք, թե թշնամին ոչ թե «կիրթ» է, այլ՝ «ում շունն» է՝ չկանխելով նրա առաջխաղացումը, թեպետ ամեն ինչ բացահայտ էր, հատուկ հետախուզության կարիք չկար, և կարող էինք պատրաստվել:
Իսկ այդ ժամանակ շատ «հակահեղափոխականներ» «տագնապ էին տալիս» և զգուշացնում այս պատերազմում հնարավոր տանուլ տալու, կորուստների հավանականության մասին: Ուշացած արթնացանք, բայց ձախողվեցինք մեր ընտրած մարտավարության մեջ:
Առակաց 24:6-ում ասվում է՝ «Որովհետև պատերազմդ խոհեմությամբ կանես, և հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի»:
Իսկ մենք՝ որքանով մեր շուրջը ճիշտ խորհրդականներով շրջապատեցինք, որ պատերազմը տանուլ չտանք և հասարակության վրա էլ չբարդենք մեր իսկ ձախողումների մեղքը: Ո՞վ լսեց այս խորհրդականներին, որ պատերազմը խոհեմությամբ վարեր: Իսկ նրանք կային, հիմա էլ կան՝ առողջապահության նախկին նախարարներ, դրսի ու ներսի համաճարակաբաններ, վիրուսաբաններ, անկախ փորձագետներ և այլն: Ո՞ւմ եք վստահել առաջնագիծը՝ «պատերազմ» չտեսածների՞ն, պատերազմի ձայնը չտեսածների՞ն, և թող անունը լինի համաճարակային: Քանի՞ համաճարակային պատերազմ են տեսել այսօրվա առաջնագծում կանգնածներն ու հասարակությանը, մասնագետներին հրովարտակ ուղարկողները:
Լևոն Տեր-Պետրոսյանի «պարզագույն սիլլոգիզմ»-ն ասում է, որ ով պատերազմի ժամանակ պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Իսկ եթե «արքան» պարտվում է և չի ցանկանում ընդունել «դաշնակիցների» օգնությունը, ի՞նչ անվանել սա: Երբ հրամանատարը պարտվում է, նրա ենթակայության տակ կռվող «զինվորն» ի՞նչ անի՝ կամ պիտի փրկի պետությունը, սահմանը, կամ՝ հրամանատարին: Եթե պատերազմ, ուրեմն՝ պատերազմի գրված ու չգրված օրենքներով՝ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին հեռացնում են զբաղեցրած պաշտոններից և արագ փոխարինում՝ գոնե ոչ երևացող, անցնցում:
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանն այսօրինակ պահանջը ևս «պատիվ բերող» չի համարում, ասում է՝ պիտի թիկունք կանգնել, իսկ երբ արքան չի ուզում՝ ինչպե՞ս: Եթե այս ամենի անունը դրել ենք պատերազմ, անվտանգությանը սպառնացող, արտաքին մարտահրավերները սրող, ուրեմն՝ ինչո՞ւ պիտի ժամանակին ՀՀ նախագահին ստիպել հեռանալը չհամարվի դավաճանություն, իսկ հիմա…
Այս համեմատությունը չէի անի, եթե չկարդայի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ փաշինյանական ֆլեշմոբն արդարացնող գրառման տակ Սպարապետի եղբոր՝ Փաշինյանի համաճարակային պատերազմական գործողությունների և Վազգեն Սարգսյանի իրական պատերազմում մղած գործողությունների համեմատականը.
«Հատուկ դրության պայմաններում օրենքը չեն քննարկում, և այն պարտադիր է բոլորի համար, անկախ տարիքի, սեռի ու կուսակցական հայացքների… Հիշում եմ, թե ինչեր էին ասում ու գրում կնքահորդ մասին պատերազմի տարիներին, երբ փողոցից մարդկանց էր հավաքում, հիմա ով է այդ ասողներին հիշում, հիմա բոլորը հպարտանում են ազատագրված 7 շրջանով»:
Ինչպես ասում են՝ no comment… Կամ՝ այդ դեպքում՝ տվեք երաշխիքներ, որ մի օր կհպարտանանք «ազատագրված 7 շրջանով»:
«Արքան» հյուծվել է, իսկ դուք «7 շրջանից», դավաճանությունից եք խոսում, իսկ մի՞թե դավաճանություն չի արքային հանգստացնելը, թե լրիվ ճիշտ ես անում, և հասցնելը հյուծման: Իսկ արքան հյուծվել է, այո՛: Պատերազմում չենք կարող հաղթել, եթե հրամանատարը մեռնելուց է խոսում՝ իր և զինվորների, երբ պարտությունից է խոսում՝ իր և զինվորների, երբ ապրելու հույս չի տալիս, երբ չի ասում՝ ես հաղթեցի, դուք էլ կհաղթեք՝ հմտորեն հուշելով վատ սցենարների մասին:
Ազգալդյանին շատ եք ցիտում, գիտեք, որ ինքն իր բանակ չէր վերցնում հայրենիքի համար մեռնել ցանկացողներին, ասում էր՝ հայրենիքի համար ապրողներ են պետք:
Հարգելի Արամ Սարգսյան, Դուք, որ հավատում եք Աստծուն և հաճախ ցիտում Ս. Գրքից, պիտի տեսած լինեիք, որ հին ուխտում հորդորում էին՝ պատերազմի չվերցնել՝ ով որ վախկոտ ու թուլասիրտ է, որ նրանք վերադառնան տուն, որ դրանով մյուսներին չվարակեն:
Հավատացեք, որ ձեզանից շատ ոչ մի «հակահեղափոխական» չի ուզում, որ արքան պարտվի, որովհետև դրանից երկիր ենք կորցնում: Այո, պատերազմի բոլոր կողմերը պետք է ենթարկվեն այդ կանոններին, բայց ի՞նչ ասել, երբ պատերազմի հոտն առած զինվորը վաղուց այդ օրենքներով էր ապրում, իսկ արքան՝ դեռ դրան կարևորություն չէր տալիս:
Ինչ մնում է համաճարակային պատերազմի կանոնները չհարգող «զինվորներին», որոնք նպաստում են վարակի տարածմանը, ապա նրանք հենց այն նույն զինվորներն են, որոնք փողոց էին փակում և խախտում ուրիշի ազատ տեղաշարժման իրավունքը, որոնք պետական մարմնի դուռ էին կոտրում հրամանատարի օրինակով, իսկ նրանց ասվում էր՝ քո դուռն է, ինչ կուզես՝ կանես: Հիմա, երբ այս վարքից «հրամանատարն» է վնասվում, արդեն բողոքում է զինվորների անկիրթ լինելուց:
Սողոմոն իմաստունն ասում է՝ «Եթե նեղության օրը թուլացար, ուժդ նեղ կլինի (Առակաց 24.10)
Իսկ թուլացնում են ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ բարեկամների լռությունը…
Հ.Գ. Արդարության համար պիտի ասել, որ 2016-ի ապրիլյան գործողությունների օրերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանին նամակ էր հղել, որում ասվում էր. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաև ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման և Հայաստանի ու Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։
Որպես պրոպագանդիստական հնարքներ, այդ գաղափարները, թերևս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետևանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։
Նրանց հանդիպումը կայացավ Տեր-Պետրոսյանի տանը:
«Արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ, որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում և բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը»,- ավելի ուշ գրել էր Տեր-Պետրոսյանը: