Որոշ ընդդիմադիրներ մեր ոտքի տակ են ընկնում և ստիպված ենք նրանց մաքրել, որ չխանգարեն, կարողանանք վիրուսի դեմ պայքարել. Հրաչյա Հակոբյան

Ամբողջ աշխարհը կռիվ է տալիս համավարակի դեմ, մենք համավարակի դեմ պայքար ենք տալիս, բայց մեր ոտքի տակ են ընկնում որոշ ընդդիմադիրներ, ստիպված ենք մաքրել նրանց, որ մեզ չխանգարեն՝ կարողանանք այս ծանր իրավիճակում պայքարենք վիրուսի դեմ. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Նշենք, որ այս պահին ընթանում է «Իմ քայլը» խմբակցության նիստը:

«Հանրությունը շատ լավ գիտի, թե ինչի համար է այս ամենը արվում, ընդամենն իրենց միլիոնները և ապօրինի ճանապարհով գույք ձեռք բերածը պահելու համար»,-ասաց նա:

Հարցին՝ թե ապագայում հնարավո՞ր է նոր քրեական գործեր լինեն, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց՝ կարող է կան, մենք դեռ չգիտենք, չի հանրայնացվել:

Լրագրողի դիտարկմանը, թե հանրությունը հիշում է նաև երկու տարի առաջ նրանց հետ կնքած պայմանագիրը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ ինքը ոչ մի պայմանագիր չի տեսել:

 «Մենք պայմանագիր ենք կնքել քաղաքացու հետ և այդ պայմանագրին մինչև վերջ տեր ենք կանգնում և քաղաքացին նույնպես»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե քաղաքացին հիշում է նաև Գագիկ Ծառուկյանի զավակի հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքով հանդերձ մասնակցությունը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ես այդտեղ, որևէ խնդիր չեմ տեսնում: Ներողություն, ես էլ հիշեցնե՞մ, որ քաղաքացին չի տեսել, բայց այսօր իրեն ընդդիմադիր համարողներից մեկը, շատ հայրենասիրական հռետորաբանությամբ խմում էր վարչապետի կենացը, իսկ հիմա իրեն համարում է ընդդիմադիր: Ես էլ դա կարող եմ ասել,  բայց դա որևէ բան ինձ համար չի նշանակում, որովհետև հարսանիքը քաղաքականությունից դուրս միջոցառում է, և այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում այդտեղ»: