Ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով հեռանում եմ քաղաքապետարանից

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայամանագրերի կնքման, հաշվառման եւ վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ իր դիմումի համաձայն այլեւս չի աշխատելու քաղաքապետարանում:

«Սիրելի ընկերներ, կոլեգաներ եւ քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երեւանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված եւ օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով:

Աշխատանքային այս գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը:

Քաղաքապետարանում դեռեւս ինչ-ինչ անձնական պատճառներով աշխատող «հին» գործընկերներիս մաղթում եմ ամուր նյարդեր եւ հանդուրժողականություն` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը, որն, ինչպես համոզվեցինք, խրոնիկ բնույթի է:

Այսուհանդերձ, լիահույս եմ, որ իմ ծննդավայր եւ հարազատ մայրաքաղաք Երեւանը կունենա արժանի քաղաքապետ»: