Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը մայիսի 21-ին ժողովրդին կուղղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ: Հարությունյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ Եռատոնին նվիրված իր շնորհավորական խոսքում:
«Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին: Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին եւ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ Պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ»,-նշել է Հարությունյանը:
Դիմելով հայրենիքում եւ սփյուռքում ապրող հայությանը՝ նա հայտնել է, որ այս պարտավորեցնող պահին հայտարարում է, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը ժողովրդիս կհղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:
«Փա ՜ ռք հայ ժողովրդին:Կեցցե ՜ ն նրա հերոսական զավակները»,- գրել է Ա. Հարությունյանը: