Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի պնդմամբ՝ լուրեր ունի, որ 500 վերելակների մրցույթի ելքը, որը դեռ նոր պետք է հայտարարվի, կանխորոշված է: Վարդանյանը քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկեց՝ հաստատել այդ տեղեկությունը, կամ ժխտել:
«Մամուլում տարածվեց, և ես էլ ունեմ տեղեկատվություն, որ մեր օրերում խոշոր գործարար դարձած Սամվել Ալեքսանյանին է խոստացված 500 վերելակների մրցույթը: Ես նույնիսկ գիտեմ, թե որտեղից են բերվելու այդ վերելակները՝ Թուրքիայից»,- ասաց Վարդանյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ նման տեղեկություն չունի, և կասկածներ հայտնեց՝ Թեհմինա Վարդանյանի տեղեկացվածության հետ կապված.
«Եթե այդքան տեղյակ եք, կարծում եմ՝ Դուք էլ այդ գործի մեջ խառն եք: Ես ոչ մի տեղեկություն չունեմ: Ընդհանրապես որևէ տենդերի հետ կապված որևէ տեղեկություն չունեմ: Պարզ, բաց մրցույթ է լինում, մասնակցում են մարդիկ, հաղթում են. Պողոս Պողոսյա՞նն է, Փիլիպոս Փիլիպոսյա՞նն է, ո՞վ է, ինձ դա չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է վերջնական արդյունքը, որ տեխնիկական բնութագրի համաձայն լինի: Դուք էլ կարող եք կազմակերպություն բացել և մասնակցել»:
Թեհմինա Վարդանյան արձագանքեց, որ քաղաքապետը խոսափում է հարցի պատասխանից.
«Ձեր մասնագիտությունն իրեն արդարացնում է, դուք լղոզելու նուրբ արվեստին տիրապետում եք»:
Վարդանյանն անդրադարձավ նաև քաղաքապետի՝ Արմեն Բեգոյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու դեպքի հետ կապված հարցին պատասխանելիս արված արտահայտությանը, թե՝ «Չգիտեմ՝ աղջիկներն իրար մեջ ի՞նչ չեն կիսել».
«Չէի կարծում, որ Դուք այնքան կընկնեք, որ տղամարդուն կնոջ տեղ կդնեք, սա արդեն չափն անցնել է, 3 պլյուսով: Անկախ նրանից, թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք Բեգոյանի հետ, որքան ենք նրա աշխատանքից դժգոհել, սա անթույլատրելի է: Ես Ձեզ հորդորում եմ Ձեր տեղն իմանալ»,- ասաց Վարդանյանը:
Աղբյուրը՝ 168.am