Պոմպեոն դիվանագիտական շրջագայություն կանցկացնի հետխորհրդային տարածաշրջանում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 29-ից փետրվարի 4-ը կայցելի Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան և Ուզբեկստան և հանդիպումներ կունենա այս երկրների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը:

Մինչև այս շրջագայության սկսվելը, Պոմպեոն նախ կայցելի Լոնդոն, կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ, որպեսզի «հաստատի Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալուց հետո իրենց առանձնահատուկ հարաբերություններն ու քննարկի առևտրային կապերի խորացումն ու ընդլայնումը»:

Այնուհետև հունվարի 30-ին պետքարտուղարը կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, արտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի և պաշտպանության նախարար Անդրեկ Զագորոտնյուկի հետ, որպեսզի ընդգծի «ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:

«Պետքարտուղարը կմասնակցի նաև Միխայլովյան տաճարում Դոնբասի զոհերի հիշատակին ծաղկեփնջեր դնելու արարողությանը, կհանդիպի հոգևոր, հասարակական, գործարար շրջանների ղեկավարներ հետ»,-ասված է պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Փետրվարի 1-ին Պոմպեոն կայցելի Մինսկ, կհանդիպի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ:

Պետդեպարտամենտը այցի նպատակը բնութագրել է որպես «ԱՄՆ-ի կողմից անկախ, կայուն, բարգավաճող Բելառուսին ԱՄՆ-ի հավատարմության ընդգծում ու երկկողմանի հարաբերությունների կարգավորման ձգտում»:

Մինսկից հետո Պոմպեոն կայցելի Նուր-սուլթան, որտեղ կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ, որպեսզի հաստատի «ընդհանուր ձգտումը Միջին Ասիայում խաղաղություն, բարգավաճում և անվտանգություն հաստատելու գործում»:

Փետրվարի 2-ից 3-ը պետքարտուղարը կայցելի Տաշկենդ, որտեղ կհանդիպի Ուզբեկստանի նախագահ Շովկատ Միրզիյեևի և արտգործնախարար Աբդուլազիզ Կամիլովի հետ, որպեսզի ընդգծի «ԱՄՆ-ի աջակցությունը Ուզբեկստանի բարեփոխումներին և ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Տաշքենտում Պոմպեոն կմասնակցի նաև С5+1 կազմակերպության անդամ երկրների նախարարական քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները: Հանդիպման ժամանակ Պոմպեոն մտադիր է քննարկել ԱՄՆ-ի`Միջին Ասիայում նոր ռազմավարությանը համապատասխանող ուղիները`տարածաշրջանը զարգացնելու համար: