Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթը սկսեց Հայաստանի տարբեր մարզերում մի քանի դպրոցներում տիրող իրավիճակի մասին խոսելով՝ ցույց տալով նաև լուսանկարներ: Նա խոսեց նաև Դրախտիկ գյուղի մասի, որտեղ դեռ 5 օր առաջ գազաֆիկացում պետք է տեղի ունենար:
Խոսելով արդեն օրակարգի հարցի՝ ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագծի մասին՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ այն քաղաքական է, ինչի մասին բաց ու հրապարակային ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «Կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում՝ գործընթացը քաղաքական է»:
«Մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ այս կազմը հատկապես Հրայր Թովմասյանը: Մեր ուշքը չի գնում Հրայր Թովմասյան+ վեցնյակի համար, սակայն մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն իրավական ու չլինի քաղաքական պրեսինգ»,-ասաց նա:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախագծով առաջարկվում է քաղաքացիների հարկերից 630 միլիոն դրամ վճարել Հրայր Թովմասյանին ու մյուս 6 դատավորներին, որպեսզի նրանք գնան տուն, նստեն թախտին և ամսական ստանան Հրայր Թովմասյանի դեպքում 1 միլիոն 375 հազար դրամ, իսկ մյուս դատավորների դեպքում՝ 1 միլիոն դրամ. «Ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք որոշել, որ մենք պետք է գումարն ուղղենք ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելուն, այլ ոչ թե դպրոցներում առկա խնդիրները լուծելուն»:
Զոհրաբյանը ՍԴ դատավորներին հիշեցրեց, որ որևէ իշխանություն հավերժ չէ, իշխանության փոփոխությունից հետո, բոլոր քաղաքական գործարքի գնացողները ոչ միայն վերադարձնելու են գումարները, այլ նաև ենթարկվելու են քրեական պատասխանատվության: