Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո խորհրդի նրա գործընկերները թերթի հետ զրույցում չեն համաձայնել իշխող թիմում առկա այն տեսակետի հետ, թե Մանուկյանը չէր պահպանում քաղաքական չեզոքությունը: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը թերթին ասել է. «Ես նաեւ նախորդ ՀԽ-ում եմ եղել, եւ մենք անընդհատ հանդիպել ենք ե՛ւ նախարարների հետ, ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի հետ»:

Վ. Մանուկյանն, ի դեպ, ավելի վաղ հայտարարել էր, թե հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից փորձել է պարզել` վարչապետն ասել է արդյոք նրան այդ մասին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետի եւ Վ. Մանուկյանի միջեւ հանդիպում, զրույց չի եղել»: Այսինքն՝ չի ասել:

Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀԽ նոր նախագահի հավանական թեկնածուներից է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Մանուկյանի փեսան Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից վերջերս ազատվելու դիմում գրած Սահրատ Պետրոսյանն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: