Փաշինյանը մնացել է միայնակ՝ առանց քաղաքական սատարման

Ժամանակակից քաղաքական իրականության մեջ որպես քաղաքական առանձին կատեգորիա՝ իր բոլոր ատրիբուտներով ու խորքային «համեմունքներով», վերջին շրջանում բավականին տարածված է պոպուլիզմը, որը ոչ թե ամենատարածված, այլ ամենահեշտ կիրառելի «գաղափարախոսությունն» է։ Հենց պոպուլիզմի ու դրա գերակայության շնորհիվ է, որ արդի քաղաքական զարգացումների էպիկենտրոնում հիմնական խաղացողներ են դառնում էքսցենտրիկներն ու շոումենները։ Ինչ վերաբերում է դասական քաղաքական գործիչներին, ապա նրանք՝ զերծ մնալով պոպուլիստական ու դեմագոգիկ հռետորաբանությունից, փորձում են քաղաքական պայքար տանել ավելի ռացիոնալ ու իրատեսական դաշտում, այլ ոչ թե՝ ամբոխավարական։ Պոպուլիզմի աչքի զարնող հատկանիշներից է այն, որ բարդ փոխկապակցությունները սկսում են շատ պարզ մեկնաբանել ու բացատրել, սակայն դա անում են ոչ թե՝ մանկավարժական մոտեցմամբ, այլ՝ զուտ դեմագոգիկ նպատակադրումներով։ Այս «մեղքը» նույնիսկ գործում են «անթերի դեմոկրատները»՝ առնվազն նախընտրական քարոզարշավների կամ թոք-շոուների ժամանակ։

Կատարյալ տարբերակում նրանք պոպուլիստներից առանձնանում են միայն նրանով, որ իրենց վարպետությունը չի սահմանափակվում զուտ խելացի արտահայտություններով. նրանք ունակ են զրույցը դիսկուրսի ռեժիմից տանել դեպի բանավեճ, և՝ հակառակը։ Նիկոլ Փաշինյանին շատերն են համարում դասական պոպուլիստ, այդ մասին վերջին մեկուկես տարվա ընթացքում բարձրաձայնում են գրեթե բոլոր մտածող մարդիկ՝ նշելով, որ իշխանության գալուց հետո այն ստացել է պետական քարոզչության մակարդակ։ Փաշինյանը տեսություններով չի դատում, նա կարծես գործում է քաղաքական բնազդով, այսինքն՝ նա որոշումները կայացնում է ոչ թե՝ դասական օրինաչափությունները և փորձը հաշվի առնելով, այլ ուղղակի՝ հենց այնպես։ Նիկոլ Փաշինյանի միակ հենարանն ու հույսը ժողովրդական բազմությունն է, քանի որ քաղաքական դաշտում գործող ուժերին և անհատներին նա արդեն իսկ տրամադրել է իր դեմ:

Փաստ է այն, որ ներկայումս Փաշինյանը մնացել է միայնակ, չունի հստակ քաղաքական սատարում։ Եթե հաշվի առնենք, որ նրա թիմում քաղաքականացված անձանց թիվը հասնում է զրոյի, ապա պատկերը դառնում է ընդհանրական։ Փաշինյանը ներկայումս կատարում է սահմաններից դուրս քայլեր՝ ելնելով հենց գործնական անհրաժեշտությունից: Գրեթե ապացուցման կարիք չունի այն պնդումը, որ Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ի ներսում աստիճանաբար հանգեցնում է ավտորիտարիզմի, քանի որ ողջ իշխանությունը բացահայտ կերպով կենտրոնանում է նրա ձեռքում (դեռևս պայքարում և չի հանձնվում միայն ՍԴ-ն)։ Փաշինյանը երկրում ձևավորել է կառավարությունը, պառլամենտում ունի բացարձակ մեծամասնություն, ինչի շնորհիվ կարող է կատարել ցանկացած սահմանադրական փոփոխություն, դատական համակարգում ամեն կերպ փորձում է իրականացնել վերահսկողություն․ նրա բնորոշմամբ՝ «դատավորների մեծ մասը վնգստում են իշխանության պատի տակ»։ Իշխանության անմիջական ուղղորդմամբ տոտալ գրոհներ են տեղի ունենում զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ։ Ահա այս ամենը համադրելով՝ ավտորիտարիզմի պատկերն ամբողջանում է։ Ցանկացած ավտորիտար ռեժիմ հիմնականում հիմնվում է պոպուլիզմի վրա և հասարակությանը սնուցում դրանով, որն իր հերթին՝ երկարաժամկետ տեսանկյունից կանգնում է քանդվելու առաջ, քանի որ իրական զարգացում չեն կարողանում ապահովել հանրության համար: Նման դեպքերում ստեղծվում է լիդերակենտրոն ռեժիմ, և լիդերի հեռանալուց հետո համակարգը կանգնում է ճգնաժամի առաջ:

Երկրում ստեղծված այս ընդհանուր ֆոնին զուգահեռ՝ անդրադառնանք մի առանցքային դրվագի, որը դարձել բազմաթիվ դավադրապաշտական գաղափարների ու վերլուծությունների առիթ։ Ինչպես հայտնի է, նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել էր քաղաքական պոպուլիզմին իրական ժողովրդավարությունը հակադրելու մասին: Օրինակ, դրանից մի քանի օր անց ՀՀԿ-ն կուսակցական աշխատաժողով էր կազմակերպել Ծաղկաձորում՝ քաղաքական պոպուլիզմի թեմայով: Ահա այս փաստերն օգտագործելով՝ իշխանություններն իրենց սատարող լրատվամիջոցում փորձ են արել պոպուլիզմի մեջ մեղադրել Սերժ Սարգսյանին: Չքննարկելով նրան հասցեագրված մյուս մեղադրանքները, նշենք, որ Սարգսյանին պոպուլիզմի մեջ մեղադրողներ մինչ այս չեն եղել: Այսինքն՝ փորձում են նրան մեղադրել նրանում, ինչում ամենօրյա ռեժիմում մեղադրում են Նիկոլ Փաշինյանին:

Ներկայումս ոչ միայն՝ ՀՀ-ում, այլև՝ աշխարհում որոշակի լուրջ ու կայացած լիդերների պակաս է նկատվում, խոսքը նաև ըստ տարիքային ցենզի լիդերության մասին է, երբ առավել երիտասարդ սեկտորի մոտ առկա է որոշակի լճացում: Հետխորհրդային երկրներում ակնհայտ առկա է այդ ճգնաժամը, քանի որ գործող համակարգերում հիմնական խաղացողները 50-ից բարձր տարիք ունեցող անձինք են, կամ այլ կերպ ասած՝ «սովետական շկոլայի» վերջին մոհիկանները: Առավել երիտասարդ սերնդի մոտ առկա լճացումն իր հերթին՝ մեխանիկորեն առաջացնում է համակարգային խնդիրներ, այդ թվում՝ գործող ռեժիմներին այլընտրանքներ ստեղծելու գործընթացում: Իրականում պոպուլիզմը քաղաքականության ոճ է՝ խիստ կապված «մենք ներքևում ենք», «նրանք վերևում են» հակադրության հետ։ Հենց այս հակադրությունն է ընկած քաղաքական կոնդոտիերների պնդումների հիմքում, որը նրանք ներկայացնում են «ժողովրդին»։ Որոշ քաղաքական գործիչներ շարունակում են հավատարիմ մնալ այս գծին նույնիսկ այն ժամանակ, երբ իրենք են գտնվում պետության ղեկին։ Ներկայացուցչական ժողովրդավարության մեջ «ժողովրդի» և «քաղաքական ղեկավարության» միջև սահմանագիծ կա։ Ժողովրդավարության մեջ ընտրված ներկայացուցիչները ոչ միայն պարզապես տարբերվում են նրանցից, որոնց ներկայացնում են, այլև զբաղեցնում են առաջատար քաղաքական պաշտոններ։

168.am