«Իմ քայլում» բաժանումները առավել նշմարելի են դառնում. Ինչ խմբեր կան ներսում և ովքեր են ամենախելացիները

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության մեջ բաժանումները գնալով առավել նշմարելի են դառնում: Խոսքը ոչ թե ծայրահեղ մոտեցումների ու ճամբարների բաժանվելու, այլ ամբիցիաներ դրսեւորելու ու դիմացինից ավելի լավը երեւալու մասին է:

Գրեթե մեկամյա խորհրդարանականները հաճախ հազիվ են միմյանց տեղը բերում: «Այս պատգամավորն ո՞վ է»,- շշնջալով հարցնում են կողքինին:

Իհարկե, հապշտապ՝ «ոտի վրա, ձեռի հետ» ձեւավորված խորհրդարանում հենց այդպես էլ պետք է լիներ, բայց Ազգային ժողովի ղեկավարությունը, օրինակ, կարող էր պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ասած մերձեցման երեկոներից կազմակերպել, որ գոնե մեծամասնության ներկայացուցիչներն իրար նաեւ անուն-ազգանունով իմանային:

«Իմ քայլի» պատգամավորները իրենք իրենց մեջ բաժանումներ են կատարել՝ բուֆետից դուրս չեկողներ, լրագրողների հարցերին մշտապես պատասխանողներ, «ճշտով» դատողություն անողներ, բայց հարցազրույց տալուց խուսափողներ, խմբակցության ուղեղն ու առաջ մղող ուժը համարվողներ եւ, վերջապես, լուռումունջներ:

Վերջիններս, թերեւս, ամենախելացիներն են՝ անշառ, գլուխները կախ, գնում-գալիս են նիստերի: Ո՛չ բողոքում են նախկիններից ու ներկաներից, ո՛չ չարախոսում են գործընկերների հասցեին, ո՛չ ցույց տալու բան ունեն, ո՛չ էլ առանձնապես ուզում են երեւալ:

Թերեւս մյուսները հենց նրանցից պետք է օրինակ վերցնեն եւ, եթե անգամ օրենսդրական գործունեությամբ աչքի չեն ընկնում, լուռ մնալ սովորեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: