Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի պատգամավորների առնչությամբ:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել էր Ֆրանսիայի պատգամավորների հետ, տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից: Նույն օրը Ֆրանսիայի խորհրդականները հանդիպել էին նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, փոխանցում է Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքէջը:
Արցախ այցելած Ֆրանսիայի պատգամավոր Գի Տեսյեի (Guy Teissier) անունն արդեն ներառվել է ադրբեջանական «սև ցուցակում»: Վալերի Բուայեի (Valérie Boyer), Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնի (Jean-Pierre Cubertafon), Մոհամմադ Լաքհիլայի (Mohamad Laqhila), Դանիել Ղազարյանի (Danièle Cazarian), Գիյոմ Գասպարյանի (Guillaume Casbarian) և սենատոր Պիեռ Ուզուլիասի (Pierre Ouzoulias) անունները կներառվեն «սև ցուցակում»:
Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտգործնախարարություն, և նրան բողոքի նոտա է հանձնվել:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներին և առհասարակ Արցախ այցելածների շրջանում հանրային կերպար լինելուն հավակնող անձանց անուններն Ադրբեջանում պարբերաբար հայտնվում են տխրահռչակ «սև ցուցակում»: