«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Խելացի մարդը սովորում է ուրիշների սխալներից, լսում է անգամ թշնամիների խորհուրդները, հետեւություններ անում իր գլխին եկածից եւ հայտնի կենդանու համառությամբ իր սխալն առաջ չի քշում։ Մեկ անգամ կարելի է խոսքի վրիպում թույլ տալ, երկու անգամ, բայց երրորդ անգամ թույլ տրված կիքսը՝ հատկապես բարձր դիրք զբաղեցնող անձի կողմից, խոսում է խելքի ու մտածելու ունակության բացակայության մասին։
Իսկ այսօրվա պաշտոնյաների դեպքում բերանը բացեց՝ լեզվի սայթաքումը պատրաստ է։ Սրան գումարվում են նաեւ նրանց տեղակալների, օգնական-խորհրդականների, էլ չենք ասում՝ խոսնակների ցինիզմն ու կիքսերը, որոնք այնքան շատ են, որ դրանց մեծ մասին անգամ չենք հասցնում անդրադառնալ։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք անմեղսունակների, անպատասխանատուների, մի քանի քայլ առաջ մտածելու անընդունակ պաշտոնյաների հետ, եւ հույս էլ չկա, որ նրանք կկրթվեն ու կխելոքանան։ Ուստի հիմա որոշել ենք սեւեռվել ոչ թե կիքսեր թույլ տվող, ամեն օր մի հիմար բան բերանից բաց թողնող իշխանավորների, այլ նրանց վրա, ովքեր խոհեմաբար լռում են։ Խելքի ու պրոֆեսիոնալիզմի գրավականը դարձել է լռելը։
Ու չենք կարող չարձանագրել, որ խոհեմաբար լռողների թվում է վերջերս հայտնվել Էդուարդ Աղաջանյանը, ով ասպարեզում չի հայտնվում, որ ծաղրի ու քննադատության առարկա չդառնա։ Համեմատաբար խոհեմ ու լռակյաց է դարձել Արայիկ Հարությունյանը, ով առաջին փուլի շատախոսությունը փոխարինել է հազվադեպ հարցազրույցներով։ Խոսքի արժեքը կարծես թե գիտեն նաեւ 2 փոխվարչապետերը՝ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը։ Այս իշխանությունների շատախոսության ու անգործության ֆոնին, ցավոք, լռելը դարձել է դրվատելի ունակություն, եւ արժե մրցանակ սահմանել ամենից երկար լռած պաշտոնյայի համար»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: