Նիկոլ Փաշինյանը կրկին զայրացել է. այս անգամ թիրախում դեսպաններն են

Թերթի տեղեկություններով` դժգոհություններն անորոշ են հնչել, անուններ չի նշվել, սակայն ներկաների տպավորությամբ՝ վարչապետի զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին։

«Նախօրեին դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում դեսպանընկալ երկրների հետ, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի տեղեկություններով` դժգոհություններն անորոշ են հնչել, անուններ չի նշվել, սակայն ներկաների տպավորությամբ՝ վարչապետի զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին, իսկ պատճառը ոչ այնքան ներդրումների բացակայությունն է, որքան այն, որ նրան չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ բարձրագույն ղեկավարության, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հետ։

«Մեզ ասացին, որ հնչած դժգոհություններին ի պատասխան՝ տարեց դեսպաններն են խոսել՝ դիվանագիտորեն գովերգելով վարչապետին, որից հետո նրա զայրույթը մեղմվել է»,-գրում է թերթը:

Հիշեցնենք` օրեր առաջ թերթը գրում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ հանդիպման ժամանակ խիստ զայրացել էր թիմակիցների վրա, այս անգամ` Ամուլսարի հարցում բավարար աջակցություն չստանալու համար։