Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի գրասենյակում ուղիղ եթերում մայրաքաղաքի աղբահանության և «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերությունների խնդիրների մասին քննարկման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձան նաև «Սանիթեք» ընկերության կողմից հնարավոր սաբոտաժին: Ոչ վարչապետը, ոչ քաղաքապետը իհարկե անուններ չտվեցին, սակայն նրանց երկխոսության տողատակից պարզ է դառնում, որ նրանք «Սանիթեքի» հնարավոր սաբոտաժի թիկունքում տեսնում են Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ով ըստ շրջանառվող լուրերի՝ թաքնվում է հենց Լիբանանում:«Դե եթե նայենք Լիբանան, կարող ենք տեսնել, թե ով է հետախուզվում, ով է այնտեղ գտնվում, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրն է այնտեղ»,- ասել էր Փաշինյանը: Ուղիղ միացման ժամանակ, ևս մեկ անգամ ակնարկվեց Լևոն Սարգսյանի անձը: «Գուցե որոշ մարդիկ հետախուզման մեջ են, գումարներ են պետք Բադեն-Բադենի կազինոների համար: Շատ տարօրինակ պատմություն է»,- ասաց պարոն Փաշինյանը: Հայկ Մարությանն էլ կարծում է՝ «Սանիթեքի» տնօրինության պահվածքն անհասկանալի է, որ ինքը տպավորություն ունի, որ տնօրինությունը մի կողմից պարզապես սաբոտաժ է անում, մյուս կողմից՝ ժամանակ շահում, հնարավոր է՝ քաղաքապետարանի իրենց փոխանցված գումարները դուրս հանելու համար:Թե ինչ մեխանիզմով են այդ գումարները դուրս բերվում և դուրս են բերվում արդյոք ընդհանրապես թե ոչ հարցին, քաղաքապետը պատասխան չունի: Ընդամենը վարկած է «հնարավորների» շարքից կամ, եթե կուզեք, մեսիջ, որը վարչապետն ու քաղաքապետը փորձեցին այդ ուղիղ եթերի միջոցով հասցնել Լևոն Սարգսյանին: Ավելին, ուղիղ եթերի ընթացքում հնչեց նաև մեկ այլ մեսիջ, առ այն, որ եթե «լիբանանյան քամիները» շարունակեն փչել նույն ուղղությամբ, ապա հնարավոր է՝ դրան հակադրվի արդեն փողոցի պայքարը, ասել է թե՝ Փաշինյանն ու Մարությանը Սանիթեքին և Սանիթեքի հետևում կանգնած անձանց սպառնում են զանգվածային ակցիաներով: Պետք է փաստել, որ Փաշինյան-Մարության հրապարակային հանդիպման գլխավոր նպատակը հենց հրապարակային մեսիջներ հղելն էր, քանի որ լուծում աղբահանության խնդրին ոչ վարչապետը, ոչ քաղաքապետը 80 րոպեի ընթացքում այդպես էլ չառաջարկեցին:Կազմակերպված և համակարգային կոռումպացված կառավարման պայմաններում, տրամաբանական է վարկածը, որ նման խոշոր ֆինանսական հոսքերն առանց կոռուպցիոն համաձայնությունների կամ պայմանավորվածությունների չէր կարող իրականացվել: Սակայն «եթե»-ներով էլ հնարավոր չէ հարցին լուծում գտնել, Փաշինյանի՝ ուղիղ եթերում բարձրաձայն հնչեցրած մտքերը ոչ այլ ինչ էին, քան հաղորդում հանցագործության մասին: Եթե սա պոպուլիզմի հերթական դրսևորումը չէ, (հիշում ենք, որ մեկ այլ ընկերություն՝ «Սեքյուրիթի Դրիմը», նույնպես սկզբնական շրջանում կապվում էր Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ, այնուհետև պարզ դարձավ, որ Սարգսյանը ընդհանրապես այս պատմության մեջ «չկա»), ապա ՊՎԾ-ն պարտավոր է ուսումնասիրություն սկսել, իսկ ՀՔԾ-ն պարզապես պարտավոր է քրեական գործ հարուցել վարչապետի և քաղաքապետի հնչեցրած հայտարարությունների մասով: Հակառակ դեպքում կստացվի, որ վարչապետի «բարձրաձայն մտածելու» միակ նպատակը սեփական թիմի անգործությունը և հարցին լուծում տալու կարողության բացակայությունը նախկինների «ստվերով» արդարացնելն էր…