ՀՀ արդարադատության նախարարությունը անդրադարձել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ շրջանառվող թյուրըմբռնումներին: Պետք է նշել, որ փաստարկները բավական թույլ էին, և նախարար Բադասյանը կարող էր ավելի որակյալ փորձագիտական մոտեցմամբ փորձել կոտրել հանրության մոտ ստեղծված պատկերացումները սույն Կոնվենցիայի և դրա վավերացումից բխող վտանգների մասին: Իսկ վտանգները առկա են, և նախարարության հակափաստարկները այս համատեքստում մեղմ ասած թույլ են: Ստամբուլյան կոնվենցիայում (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս) օգտագործվող որոշ հասկացություններ (գենդերային պատկանելություն, սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն) հիմք են տալիս պնդելու, որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ՝ սոցիալական սեռ: Ստամբուլյան կոնվենցիան (12-րդ հոդվածի 1-ին մաս) պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Ստամբուլյան կոնվենցիան (հոդված 14)պարտավորեցնում է այն վավերացրած պետություններին կրթական բոլոր մակարդակներում իրականացնել «պրոպագանդա»՝ պաշտոնական ուսումնական ծրագրերում ընդգրկելով «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր Կոնվենցիայի 4-րդ հոդվածին առնչվող Բացատրական զեկույցի 53-րդ կետը սահմանում է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներիններկայացվող պահանջներին»:Ստացվում է, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր: Այստեղից նաև հասկացվում է, որ կոնվենցիայում «ընտանեկան» հասկացության (3-րդ հոդվածի «բ» կետ) մեջ ներառում է ինչպես ընտանիքը, այնպես էլ ընտանեկան միավորը և զուգընկերները, հետևաբար ԼԳԲՏ անձինք կարող են ներառվել ընտանեկան միավոր-ի կամ զուգընկերներ հասկացության ներքո: Նախարարության բոլոր հակափաստարկները ի մի բերելով՝ կարելի է դրանք ամփոփել մեկ նախադասությամբ՝ եթե մեր սահմանադրությունը դա չի նախատեսում, ապա վտանգ չկա, անկախ այնտեղ եղած ձևակերպումներից, որոնք, ի դեպ, ըստ նախարարության՝ որևէ կերպ չեն հակասում մեր սահմանադրությանը: Բնական է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հեղինակները այնքան միամիտ չէին, որ վերոնշյալ վտանգները բացահայտեին սևով սպիտակի վրա, իրականում ցանկության դեպքում իշխանությունները կարող են «սղացնել» Կոնվենցիան, քանի որ այնտեղ գրված սկզբունքներում ՀՀ սահմանադրության հետ ակնհայտ հակասություններ չկան: Սակայն հասկանալի է, որ այս դեպքում Կոնվենցիան պետք է կարդալ տողատակերով, բացի այդ, ո՞վ է ասել, որ հետագայում Կոնվենցիայի տողատակերում առկա վտանգավոր դրույթները չեն կարող տեղ գտնել ՀՀ սահմանադրության մեջ՝ նոր սահմանադրության մեջ, չէ՞ որ հենց Բադասյանը արեց 2020-ին սահմանադրական փոփոխությունների անոնսը: Իշխանությունների համար դժվարություն չի ներկայացնի ընդհանուր թոհուբոհի մեջ գեղեցիկ և առաջին հայացքից անվնաս իրավական ձևակերպումներով անցկացնել այդչափ անհրաժեշտ փոփոխությունները…