Փաշինյանի ամբոխահաճության պտուղները

Մինչ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցին՝ ասում էր՝ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. և ցանկացած ընդդիմադիր դրսևորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել», արդեն երկու օր է՝ Փաշինյանի ծննդավայր Իջևանում բողոքի սուր ակցիաներ և կոշտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և դեպքի վայր տեղափոխված տասնյակներով ոստիկանների միջև։

Հիշեցնենք, հուլիսի 16-ին, առավոտից Իջևանում ցուցարարները փակել էին ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ մտնել անտառ և ծառահատումներ իրականացնել: Բեռնատար և մարդատար մեքենաների կիլոմետրերի հասնող հերթը 2 օր է՝ խցանումներ է առաջացրել։ Ցուցարարները երեկ դարձյալ փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ կրկին խցանման մեջ էին հայտնվել: Նրանք պահանջում էին հանդիպում պաշտոնատար այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: «Պարոն Փաշինյան, օրինական երկիրդ ա, մարդիկ սովից դուրս են էկել տռաս, երևանցիք կուշտ փորերով եկել են, պարապած տղերքին ղրկել ես քո հարևանի վրա, որ սպանեն… Մտիկ արա՝ ինչ են անում ոստիկանները ժողովրդին»,- իրենց հայրենակից վարչապետին դիմելով՝ բախումների ընթացքում գոչում էր իջևանցիներից մեկը։

Երեկ գիշերը, երբ ոստիկանության աշխատակիցները փորձում էին պատ կազմել և բացել ճանապարհը, կոշտ բախումները վերսկսվեցին։ Բողոքի դուրս եկած ցուցարարների կողմից նետված քարերի և փայտերի տարափից ոստիկանները հետ էին քաշվել։ Ըստ ԶԼՄ-ների՝ բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 25-ի։ Վիրավոր ոստիկանները գանգուղեղային և այլ վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրատվամիջոցների հետ զրույցում երեկ ժամը 22։27-ին ասել է, որ ցույցի մասնակիցներն անդրդրվելի են, մտադիր չեն ճանապարհը բացել և պահանջում են թույլ տալ ապօրինի հատած անտառանյութը հանել անտառից, հասցնել Երևան: Ի դեպ, ըստ մարզպետի, դեռ նախօրեին պատկան մարմինները քաղաքացիներին վստահեցրել էին, որ ապօրինի ծառահատման համար նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի լինի, սակայն ցուցարարները չեն վստահել նրանց խոստումներին և չէին բացել Իջևանի մայրուղին: Հայկ Չոբանյանը նաև ասել է, որ իրենք առաջարկել են բազմաթիվ տարբերակներ` հարցը կարգավորելու համար, սակայն չեն համաձայնել։

«Մեր մոտեցումը միանշանակ է՝ չի կարող այդպես լինել: Մենք հնարավորություն ենք տալիս օրինական ճանապարհով իրացնել: Դրա համար խնդրել ենք, որ ճանապարհը բացեն, հնարավորություն տան, որ միջպետական ճանապարհն աշխատի: Սա Հայաստանի միջպետական ճանապարհն է, սա 300 կմ սահման ունեցող շրջան է, սա ազգային անվտանգության խնդիր է, մենք չենք կարող թույլ տալ, որ անօրինական պահանջի պատճառով մեր երկրի անվտանգությունը խոցվի: Պատկերացնո՞ւմ եք, վաղն ինչ-որ մեկը կրկին այսպիսի ակցիա անի, ու մենք ընդառաջենք նրա համար, որ անօրինական քայլ արվի: Մենք ինչպե՞ս թույլ տանք մեկին անօրինական քայլ անել, մյուսին` ոչ»,- ասել է բարձր տեխնոլոգիաների ոլորտից մարզպետ նշանակված Հ. Չոբանյանը, որը, համոզված ենք, առաջին անգամն է նման բախումների կիզակետում հայտնվում: Ժամը 23։20-ին ցուցարարների պահանջով դեպքի վայր էր մեկնել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Ի դեպ։ 2018թ. օգոստոսի 17-ին, իր պաշտոնավարման 100-օրվան նվիրված հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը բղավում էր. «…Ուզում եմ նշել, որ մեր ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանդակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ Հայաստանի վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժերի բաշխվածության կամ որևէ խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է կամ որևէ խորհրդարանական կոմբինացիայի ներկայացուցիչ, այլ ՀՀ վարչապետը Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է: …Հայաստանում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն, և ՀՀ-ում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն: …Հայաստանում չկա կոալիցիա, ՀՀ-ում չկա կոալիցիոն իշխանություն, ՀՀ-ում չկա խորհրդարանական մեծամասնություն: ՀՀ-ում կա ժողովուրդ, ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին, և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում: Հենց սրանում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը»: Նույն հանրահավաքում նա գոչում էր՝ «Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է՝ որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ ուրեմն դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ձեզ»:

Այնպես որ, ամեն ինչ արդար է, և ժողովրդի պահանջը՝ լրիվ հասկանալի։ Ժողովուրդն է որոշողը, պատժողը, տերը…

Աղբյուրը` 168.am