Ըստ մամուլի՝ Ալեն Սիմոնյանն առավելապես ներքին ինտրիգների մեջ է. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 182 հոդված, որոնցից 29-ը եղել է բացասական, 153-ը՝ չեզոք:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ այս տասնօրյակում դրական հոդվածներ չեն հրապարակվել, իսկ բացասական հոդվածները տարաբնույթ են։ Ալեն Սիմոնյանին լրատվականները մեղադրում են Հասանովին երկրորդելու և 2016 թվականի ապրիլյան պատերազմում Հայաստանը պարտվող կողմ համարելու մեջ։

Հրապարակումների համաձայն՝ տարաձայնություններ կան Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի միջև։ Ըստ լրատվականների՝ երկու պատգամավորներն իրենց բիզնես շահերի համար միմյանց դեմ են պայքարում։ Քննդատվել է նաև Ալեն Սիմոնյանի Աժ ելույթը, որտեղ վերջինս ՌԴ-ին ներկայացրեց որպես օկուպանտ։ Փորձագետները հորդորում են, որպեսզի Ալեն Սիմոնյանը գիտակցի իր զբաղեցրած պաշտոնն ու դիրքը և զուսպ լինի արտահայտությունների մեջ։

Միջադեպ գրանցվեց նաև ԲՀԿ-ականների և Ալեն Սիմոնյանի միջև։ Փոխխոսնակը հրամայական տոնով խոսեց ԲՀԿ-ականների մասին, որից հետո Գևորգ Պետրոսյանը գրեթե նույն տոնայնությամբ պատասխանեց Ալեն Սիմոնյանին։ Այնուհետև Ալեն Սիմոնյանին պատասխանեց Արման Աբովյանը։ Այս թեման սկսեց քննարկվել նաև համացանցում։

Ալեն Սիմոնյանն այս պահին առավելապես ներքին ինտրիգների մեջ է, իսկ քաղաքական գործունեության դաշտում փոքր-ինչ պասիվ է։ Մամուլի հրապարակումները հաշվի առնելով՝ Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան ներքին հակամարտությունը դեռ երկար է շարունակվելու, քանի որ հասարակության մեջ կարծիք է շրջանառվում, թե Ալեն Սիմոնյանի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների մասին օրենքի փոփոխությունների դեմ փողոցային պայքարի կազմակերպիչը Հայկ Սարգսյանն է եղել։

Աղբյուրը` lurer.com