«Այդ «սևազգեստ» անձինք եղել են ոստիկաններ և, փաստորեն, հարբած վիճակում քաղաքացուն տարել ու ծեծել են». Դավիթ Խաժակյան

Երեկ ուշ երեկոյան իր մերձավորներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատմեց հետևյալը.

«Մերձավորներիցս մեկը վարձակալած տարածք ունի, ուր գործունեություն է ծավալում։ Ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս նրան են մոտեցել երկու անձ, հարբած վիճակում, հարցրել՝ էս ի՞նչ ես անում, ո՞վ ես, ուզում ես այս տարածքը թալանես։ Մերձավոր բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է, թե ումից է վարձակալել, ապա խնդրել է ներկայանալ նրանց»։

Դրանից հետո, ըստ Դավիթ Խաժակյանի, այդ երկու հարբած անձինք ներկայացել են՝ որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո երկար ժամանակ տարածքի վարձակալը ստիպված է եղել պահանջել ոստիկանության աշխատակից լինելու հանգամանքը վկայող վկայական։

Որոշ ժամանակ անց նրանցից մեկը ներկայացրել է իր վկայականը, ով իսկապես եղել է ոստիկան, որից հետո հարվածելով ու քաշքշելով՝ տարածքի վարձակալին նստեցրել են մեքենան ու տարել ոստիկանական բաժին։

«Բաժին գնալու ճանապարհին ու նաև ոստիկանության բաժնի մոտ նրան հարվածել են, որի արդյունքում կոտրվածք է ստացել դեմքի շրջանում։ Նրանք ոստիկանության աշխատակիցներ են եղել, և, երբ հասել են բաժանմունքի մոտ, նրանց են միացել ևս մի քանի ոստիկաններ, և նրանք նույնպես միացել են հարվածներ հասցնող այն երկու ոստիկաններին։ Ապա մոտեցել է ևս մեկ ոստիկան, ով ճանաչել է տարածքի վարձակալին, հասկացել, որ նա այդ տարածքը տիրապետողն է, չնայած դա այլևս շատ կապ չունի, և նրան բաց են թողել»,- նշեց Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Վերջինս շեշտեց, որ առկա է նաև հիվանդանոցի այն տեղեկանքը, որը հավաստում է, որ այդ ընթացքում տվյալ անձնավորությունը հարվածներից վնասվածքներ, մասնավորապես՝ քթի շրջանում կոտրվածք է ստացել։

«Ուրեմն այդ «սևազգեստ» անձինք  եղել են ոստիկաններ և, փաստորեն, հարբած վիճակում քաղաքացուն տարել ու ծեծել են։ Հիմա ես ուզում եմ հասկանամ. Երեկվա կառավարության նիստից հետո այսպե՞ս է կատարվում վարչապետի հորդորը։ Եթե մի քաղաքացի մատով կպչի ոստիկանին, միանգամից քրեական գործ է հարուցվում։ Ես դիմում եմ ոստիկանապետ Օսիպյանին։ Այսօրվա շրջանակներում ես ակնկալում եմ, որ բոլոր ոստիկանները, ովքեր ներգրավված են եղել դրանում, պետք է այսօր կալանավորվեն և առաջիկայում ազատվեն աշխատանքից»,- ասաց Դ. Խաժակյանը։

Նա հավելեց նաև, որ կան բոլոր ձայնագրությունները, և ինքը հուսով է, որ  ոստիկանության շենքի դիմաց ևս տեսանկարահանում իրականացվել է, կան նաև այլ փաստեր, որ իրենք կտրամադրեն։

«Ես ակնկալում եմ, որ ոչ միայն այդ երկու ոստիկանները, ովքեր տարել են բաժին ու հարվածել են, այլև նրանք, ովքեր միացել են, բոլորն անխտիր պետք է պատիժ կրեն։ Եվ ես ակնկալում եմ, որ այդ «սևազգեստներին» ոստիկանապետը, կամ իր հրահանգով՝ պետք է գույնզգույն «բաբըչկաներ» կախվեն նրանց վրա, և բոլորն իրենց պատիժը կրեն»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ արդարությունը շատ արագ պետք է վերականգնվի, և ինքն արդեն իսկ ուղևորվում է ոստիկանական բաժանմունք՝ տեսնելու և ճանաչելու այդ անձանց։

Զարգացումների մասին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը խոստացավ տեղեկացնել լրացուցիչ։